Քաղաքականություն
10:24 24/10/2019

Ադրբեջանին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

Նոյեմբերի 4-5-ին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը, մեկ-երկու անգամ ես նաև այս դահլիճում հարց եմ բարձրացրել, որ միգուցե ինչ-որ ձևաչափով մենք առաջարկենք, որ սահմանափակում լինի ստրատեգիական հարձակվողական զենքի մասով: Այս մասի երեկ՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ՌԴ կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու հարցին։ Նրա խոսքով՝ հարցն այն համատեքստում է, որ ՀԱՊԿ անդամ երկիրը զենք է մատակարարում ոչ անդամ երկրին, որը կոնֆլիկտ ունի մեկ այլ անդամ երկրի հետ։

«Մենք պետք է քայլերով գնանք այդ ուղղությամբ։ գործադիրը և օրենսդիրը պետք է կարողանան համակարգել իրենց գործունեությունը»,-նշեց Մելքումյանը։

Հարցին պատասխանելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն կարևորեց այն և ասաց, որ վարչապետի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո ՀԱՊԿ շրջանակներում այդ հարցը բարձրացրել է, և դա անընդհատ օրակարգում է։

«Կարող ենք ասել, որ այս հարցում ունենք համազգային կոնսենսուս, որտեղ մեր շեշտադրումները չեն տարբերվում։ Կոորդինացիան արվում է, եթե անհրաժեշտություն լինի, ավելի ինտենսիվ կարվի կարվի։ Բայց նույնիսկ առանց կոորդինացիայի՝ ԱԺ-ի և կառավարության դիրքորոշումներն այս հարցում նույնն են»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հռետորաբանությանը՝ Փաշինյանն ասաց, որ չի կարծում, թե տեսանելի ժամանակաշրջանում Ադրբեջանի հռետորաբանությունը շոշափելի փոփոխություններ է կրել։ Նրա կարծիքով՝ առնվազն վերջին 13 տարում այդ հռետորաբանությունը նույն դիրքի վրա է։

«Եվ դա հիմնական խնդիրն է։ Ու մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ»,-եզրափակեց վարչապետը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ