fbpx
Աշխարհ

Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնություններն ափսոսանք են առաջացնում. ԵԱՀԿ ներկայացուցիչ

Փետրվարի 11-ին Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց անցկացված բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների ձերբակալությունը, նրանց նկատմամբ բռնություններն ու կոպիտ վերաբերմունքն ափսոսանք են առաջացնում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը։

«Ես շատ անհանգստացած եմ իրավապահ մարմինների կողմից հանրային բողոքի ակցիան լուսաբանող լրագրողների ձերբակալությամբ, նրանց նկատմամբ իրականացված բռնություններով և կոպիտ վերաբերմունքով: Դա անթույլատրելի է, որովհետև լրագրողները լուսաբանում էին իրադարձություն, որը հանրային հետաքրքրություն է ներկայացնում և կապված է օրենսդիր մարմնի` վերջերս տեղի ունեցած ընտրությունների հետևանքների հետ»,- նշել է Դեզիրը:

2020 թվականի փետրվարի 11-ին բողոքի ակցիայի ժամանակ ամենաքիչը 8 լրագրող բռնության է ենթարկվել իրավապահների կողմից: Այդ լրագրողները ներկայացրել են «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայությունը, «Ազատություն» ռադիոկայնի ադրբեջանական ծառայությունը, Meydan TV և այլ լրատվական ընկերություններ:

Դեզիրը ընդգծել է տեղեկատվությունն այն մասին, որ Bastainfo.com առցանց հարթակի խմբագիր Մուստաֆա Հաջիբեյլին դաժան ծեծի էր ենթարկվել, լրագրող Այնուր Էլգունեշը հարված էր ստացել գլխին, իսկ լրագրող Սեվինչ Վաքիֆքըզըն ստացել էր ձեռքի վնասվածք և հարվածներ դեմքին:

«Ես իշխանություններին կոչ եմ անում անհապաղ հետաքննել այս միջադեպերը, պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին և տուժածներին համապատասխան պաշտպանության միջոցներ տրամադրել: ԶԼՄ-ներն իրավունք ունեն լուսաբանել հանրային իրադարձությունները, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են հարգել և պաշտպանել լրագրողների ազատության իրավունքն ու անվտանգությունը ցանկացած ժամանակ»,-եզրափակել է իր խոսքը ԵԱՀԿ ներկայացուցիչը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ