fbpx
Խորհրդարան

Ադրբեջանը ՀԱՊԿ-ում չի կարող լինել դիտորդ և գործընկեր. Ռուբեն Ռուբինյան

Հայաստանը ինքնիշխան պետություն է և չունի որևէ կաշկանդվածություն արտաքին հարաբերություններում իր շահերը պաշտպանելու հարցում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ունեցած իր ելույթում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով ԱԺ մեկ այլ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարություններին։

Այս հայտարարությունների առիթը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ներկայացրած նախագիծն էր՝ «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին։ Կատարվող փոփոխություններով հստակեցվում են ՀԱՊԿ-ում դիտորդ և գործընկեր լինելու ընթացակարգերը։

Արման Բաբաջանյանը մտավախություն էր հայտնել, որ Ադրբեջանը կարող է դառնալ ՀԱՊԿ-ում դիտորդ կամ գործընկեր՝ ընդգծելով, որ այդ երկիրը, չլինելով ՀԱՊԿ անդամ, ՀԱՊԿ-ում ավելի ծանրակշիռ ազդեցություն ունի, քան՝ ՀԱՊԿ անդամ Հայաստանը։

«Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս։ Ամեն ինչ այդքան պարզ է։ Ես ձեզ կրկին հորդորում եմ՝ մի կողմ թողնել Հայաստանի խեղճության և անկարողության կանխավարկածը ու սկսել առաջնորդվել Հայաստանի մեծության, ինքնիշխանության և սեփական շահերը պաշտպանելու ունակության կանխավարկածով»,-դիմելով Բաբաջանյանին՝ հայտարարեց Ռուբինյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ