fbpx
Արցախ

Ադրբեջանը խոստովանել է, որ ագրեսոր է և իրականացնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտու ռազմականացում. ԱՀ ԱԳՆ

Հունիսի 28-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի տարածքում հասցված հարվածները, ինչպես և դրանից առաջ տեղի ունեցած գնդակոծումներն ու հարձակումները խաղաղ բնակիչների վրա, հանդիսանում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ակնհայտ դրսևորում, որը նա հետևողականորեն իրականացնում է միջազգային հանրության կողմից դիմադրության բացակայության պայմաններում։

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳ նախարարությունը:

«2023 թվականի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, հրետանու և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև Արցախի տարածքի խորքում գտնվող օբյեկտների վրա, որի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության ՊԲ 4 զինծառայող։

Այդ հարվածների համար մեղքը արցախյան կողմի վրա բարդելու ադրբեջանական կողմի արդեն սովորական դարձած փորձերը զուրկ են որևէ հիմքից: Այդ են վկայում նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսքերը, որը հունիսի 26-ին՝ նշված հարձակումից ընդամենը երկու օր առաջ, հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Արցախի ՊԲ-ն Ադրբեջանի համար որևէ վտանգ չի ներկայացնում՝ միաժամանակ սպառնալով մեկ կորպուսի ուժերով ռազմական գործողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում:

Ըստ էության, Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոստովանել է, որ հենց իր երկիրն է հանդիսանում ագրեսոր և իրականացնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտու ռազմականացում։

Մարդկային զոհերի հանգեցրած այս չհրահրված հարձակումը հերթական անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը չի հրաժարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուժով լուծելու իր ծրագրերից։

Հունիսի 28-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի տարածքում հասցված հարվածները, ինչպես և դրանից առաջ տեղի ունեցած գնդակոծումներն ու հարձակումները խաղաղ բնակիչների վրա, հանդիսանում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ակնհայտ դրսևորում, որը նա հետևողականորեն իրականացնում է միջազգային հանրության կողմից դիմադրության բացակայության պայմաններում։

Եվս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ շուրջ 200 օր է Արցախն ամբողջական շրջափակման մեջ է, որը գնալով էլ ավելի խիստ և անմարդկային է դառնում։ Հանրապետության բնակչությունը զրկված է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներից:

Վերջին 14 օրերի ընթացքում Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է հումանիտար բեռնափոխադրումներն Արցախի Հանրապետություն, որոնք վերջին ավելի քան վեց ամիսների ընթացքում սահմանափակ ռեժիմով իրականացվում էին ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։

Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում էթնիկ զտումներ իրականացնելու իրենց մտադրությունը: Դրա մասին բազմիցս հրապարակավ հայտարարել է այդ երկրի նախագահը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հունիսի 26-ի հայտարարությունն առ այն, որ Արցախի այն բնակիչները, ովքեր չեն ցանկանում ճանաչել Բաքվի իշխանությունը, պետք է լքեն իրենց հայրենիքը, Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Բաքվի ունեցած իրական նպատակների ևս մեկ ապացույց է:

Ուշադրություն ենք հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ ինչպես արդեն բազմիցս եղել է կարևոր հանդիպումներից առաջ կամ դրանց ընթացքում, հունիսի 28-ի հարձակումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ երեկ Վաշինգտոնում մեկնարկած բանակցությունների հերթական փուլի ֆոնին՝ վերահաստատելով, որ Բաքուն փորձում է հարկադրանքի միջոցով, այդ թվում՝ ռազմական ուժի կիրառմամբ հայկական կողմին պարտադրել իր վերջնագրային ու առավելապաշտական պահանջները։

Այն, որ Բաքուն պատրաստ չէ բարեխղճորեն մասնակցել բանակցություններին, ակնհայտ է դառնում նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ 2023 թվականի հունիսի 23-ին Reuters-ին տված հարցազրույցում արված հայտարարություններից։ Մասնավորապես, նա մերժել է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության միջազգային երաշխիքների գաղափարը՝ այն հիմնավորմամբ, թե դա իբր Ադրբեջանի ներքին գործն է։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման խնդիրը փորձելով ներկայացնել որպես Ադրբեջանի ներքին գործ՝ այդ երկրի իշխանություններն իրականում ձգտում են օրինականացնել Արցախի էթնիկ զտմանն ուղղված իրենց ծրագրերը:

Նման հայտարարությունները վկայում են նաև, որ Բաքուն ձգտում է տապալել միջազգային դերակատարների ջանքերը՝ միտված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման համար պայմանների ստեղծմանը։

Այս համատեքստում զինված հարձակումից մի քանի օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ կողմից արված հայտարարությունը, թե իբր այդ երկիրը պատրաստ է օգնություն ցուցաբերել Արցախի ժողովրդին, հանդիսանում է ծայրահեղ ցինիզմի դրսևորում: Լավագույն օգնությունը, որ կարող է ցուցաբերել Ադրբեջանը, հրադադարի ռեժիմի անշեղ պահպանումն է, Արցախի Հանրապետության տրանսպորտային և էներգետիկ շրջափակման դադարեցումը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների և ՄԱԿ-ի միջազգայինի դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման լիարժեք կատարումը, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ, անվտանգ և անարգել երթևեկությանը։

Նշենք, որ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով Արցախի 120 հազար բնակչությանը կանխամտածված տառապանք պատճառելը և հումանիտար ճգնաժամը խորացնելը, միջազգային իրավունքի համաձայն, հավասարազոր են ռազմական հանցագործության:

Կրկին ընդգծում ենք, որ միջազգային հանրությունն ընդհանրապես, և խաղաղ գործընթացում ներգրավված միջազգային բոլոր դերակատարները մասնավորապես, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն ուղղակի պատասխանատվություն են կրում Արցախում հումանիտար և անվտանգային ճգնաժամի հետագա խորացումը կանխելու, ինչպես նաև միջազգային նորմերի ու սկզբունքների հիման վրա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման, տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության ապահովման համար:

Այս կապակցությամբ ևս մեկ անգամ պնդում ենք, որ վերջիններս պետք է օգտագործեն իրենց տրամադրության տակ եղած ճնշման բոլոր լծակներն ու գործիքները՝ ապահովելու Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության բոլոր դրույթների պահպանումն ու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշման անհապաղ կատարումը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ