Արցախ
03:00 08/02/2020

Ադրբեջանի հայտարարությունն ուղղակի զավեշտալի է. Արցախի ԿԸՀ նախագահ

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության կապակցությամբ։ Մեկնաբանությունում ասվում է.

«Ադրբեջանի հայտարարությունն ուղղակի զավեշտալի է։ Ընդամենը մի քանի տարի առաջ Ադրբեջանի իշխանությունները պնդում էին, որ Արցախում քաղաքացիական բնակչություն չկա և փորձում էին ոչնչացնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանը՝ լայնածավալ հարձակման ենթարկելով երկրի բնակավայրերը։ Մինչդեռ այսօր նրանք լկտիաբար հայտարարում են, որ Արցախի քաղաքացիները կարող են մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին։

Կցանկանայի ընդգծել, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների և Ադրբեջանի Հանրապետություն պետության միջև որևէ իրավաքաղաքական կապ չկա։ Արցախի ժողովուրդը դեռևս 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով ձայների բացարձակ մեծամասնությամբ կողմ է արտահայտվել անկախ պետականության ստեղծմանը։

Արդեն 29 տարի է, ինչ Արցախի Հանրապետության քաղաքացիները արդյունավետորեն իրացնում են ազատ և թափանցիկ կամարտահայտման միջոցով սեփական պետական կառույցներ ձևավորելու իրենց անքակտելի իրավունքը։ Մարտի 31-ին Արցախում կայանալիք հերթական համապետական ընտրությունները ևս մեկ քայլ կդառնան մեր երկրում ժողովրդավարական պետականության շարունակական ամրապնդման ճանապարհին։

Միևնույն ժամանակ կցանկանայի նշել, որ ոչ կառավարական կազմակերպություններ ներկայացնող Արցախի Հանրապետության քաղաքացիները Ադրբեջանում կայանալիք ընտրություններին կարող են մասնակցել միայն որպես միջազգային դիտորդներ, այն էլ՝ սեփական անվտանգության որոշակի երաշխիքների ապահովման պարագայում։ Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց հերթին կարող են դասընթացներ կազմակերպել և ադրբեջանցի գործընկերների հետ կիսվել արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման իրենց փորձով։ Միայն այս ձևաչափով են կարող Արցախի Հանրապետության քաղաքացիները մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին»։

Փետրվարի 5-ին Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարությոuն էր տարածել` դիմելով Լեռնային Ղարաբաղի բնակիչներին: Հայտարարության մեջ ասվում էր, որ «հայկական արմատներով Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում, կարող են ազատ օգտվել իրենց ընտրական իրավունքից»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ