Քաղաքականություն

ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ

Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Արցախի ներկայիս իրավիճակին և տարածաշրջանային զարգացումներին։ Նախարար Այվազյանն իր զրուցակցին ներկայացրեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծեց տեղահանված արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու համար պայմանների ստեղծման և ապահովմանն ուղղված քայլերում միջազգային համապատասխան կառույցների ներգրավվածության կարևորությունը:

Նախարար Այվազյանն ընդգծեց արցախահայության իրավունքների վերականգնման և հասցեագրման առաջնահերթությունը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման միջոցով:

Կողմերն անդրադարձան պատերազմից հետո Հարավային Կովկասում կայունության վերականգնմանն ու պահպանմանը: Այս առիթով ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները կարող են խիստ կործանարար հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ