Զինված Ուժեր

Ադրբեջանաթուրքական ակնհայտ ագրեսիան ՀՀ խաղաղ բնակչության նկատմամբ պետք է կանխվի․ Ազատ դեմոկրատներ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Facebook-ի իր էջում հայտարարություն է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև․

«Խաղաղ բնակչությանը հրետակոծող Ադրբեջանին և վերջինիս աջակից Թուրքիային չդատապարտելը նույնն է, թե ոչինչ չասել և որևէ գործուն քայլ չձեռնարկել տարածաշրջանի առանց այն էլ փխրուն խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ. Ազատ Դեմոկրատներ կուսակցություն

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի զինուժի կողմից սանձազերծված սադրիչ գործողությունների մաշտաբներն արդեն որերորդ օրն է ընդարձակվում են՝ թե՛ ռազմական և թե՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից:

Ակնհայտ է, որ այս ողջ ընթացքում ադրբեջանական ռազմական գործողություններին գործուն և անմիջական հանցավոր աջակցություն է ցուցաբերում Թուրքիան: Մասնավորապես դրա վկայությունն է Թուրքիայի նախագահ Էրդողանի և արտգործնախարարի ագրեսիվ հայտարարությունները, Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն առ այն, որ իրենք կլինեն Ադրբեջանի զինուժի կողքին և կգործեն «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի համաձայն», Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատարի հուլիսի 16-ի այցը Թուրքիա և հանդիպումը Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ, իսկ Ադրբեջանը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային ահաբեկչական հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմակայանի հրթիռակոծությամբ:

Այս ցցուն փաստերի առկայության պարագայում առնվազն անթույլատրելի է ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահող պետությունների կողմից գործուն քայլերի բացակայությունն ու լռությունը նույն Մինսկի խմբի անդամ հանդիսացող Թուրքիայի ժամ առ ժամ աճող ագրեսիվ և ակնհայտ ռազմատենչ միջամտությանը և Ադրբեջանին ցուցաբերած գործուն աջակցությանը, որոնք հանգեցնում են ադրբեջանական ռազմական ագրեսիայի աճին ուղղված նաև Հայաստանի խաղաղ բնակչության, բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ, ինչի արդյունքում արդեն իսկ ունենք վիրավոր քաղաքացիական բնակչության շրջանում, 24-ից ավելի ավերված տներ, հրետակոծված մանկապարտեզ:

Անթույլատրելի է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՀԱՊԿ ղեկավարության կրավորական և ոչ հասցեական հայտարարությունները, որը ոչ թե կանխարգելիչ, այլ ընդհակառակը՝ նպաստավոր պայմաններ է ստեղծում Թուրքիայի և Ադրբեջանի համար ժամ առ ժամ ավելացնելու իրենց ագրեսիվ ռազմական գործողությունները Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ: Բախումները սադրող, խաղաղ բնակչությանը հրետակոծող Ադրբեջանին, և վերջինիս հանցավոր աջակից ու լարվածությունը թեժացնող Թուրքիային չդատապարտելը նույնն է, թե ոչինչ չասել և որևէ գործուն քայլ չձեռնարկել տարածաշրջանի առանց այն էլ փխրուն խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ:

Կոչ ենք անում տարածաշրջանի կայունությամբ և խաղաղությամբ շահագրգիռ միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին և ՄԽ համանախագահներին, Երոպական Միությանը, ՀԱՊԿ-ին ժամ առաջ գործուն քայլեր ձեռնարկել կանխելու ադրբեջանաթուրքական ակնհայտ ագրեսիան ՀՀ խաղաղ բնակչության նկատմամբ:

Ակնհայտ է, որ այս իրավիճակը հայ-ադրբեջանական ռազմական գործողություններից ժամ առ ժամ վերածվում է խորը և բազմաշերտ աշխարհաքաղաքական գործընթացի, որը հղի է ողջ տարածաշրջանի ապակայունացման և նոր թեժ օջախի առաջացման վտանգով:

Հարկ ենք համարում շեշտել, որ ադրբեջանական ագրեսիան մինչ օրս բացառապես զսպվում է ՀՀ Զինված Ուժերի պրոֆեսիոնալ և անձնուրաց գործողությունների շնորհիվ:

Փա՛ռք ու պատի՛վ հանուն մեր սահմանների պաշտպանության և խաղաղության համար զոհված հերոսներին, վիրավորներին, մեր սահմանների խաղաղությունն ու անվտանգությունն ապահովող զինվորներին և մեր սահմանապահ ու խաղաղասեր ժողովրդին»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ