fbpx
Կառավարություն

Աջ ղեկով մեքենաների ղեկային համակարգը հնարավոր կլինի փոխել Հայաստանում

ՀՀ կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է աջակողմյան ղեկային համակարգով ավտոմեքենաները առանց ղեկը փոխելու ներմուծել Հայաստան և այստեղ իրականացնել ղեկային համակարգի փոխարինում:

Մինչև ղեկային համակարգի փոփոխությունը մեքենան հնարավոր չի լինի շահագործել: Ղեկային համակարգը փոխելուց հետո մեքենան կմաքսազերծվի և կհաշվառվի ոստիկանությունում, որից հետո արդեն կարելի է ազատ շահագործել ՀՀ տարածքում: Միևնույն ժամանակ կարգելվի փոփոխված ղեկային համակարգով մեքենաների ներմուծումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք ընդհանրապես արգելել էին աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը, ու ստացվել էր այնպես, որ բազմաթիվ քաղաքացիներ բերում էին ու Վրաստանի տարածքում աջակողմյանը փոխում էին ձախակողմյանի:

«Բայց ժամանակավոր ներկրման ռեժիմով կարող են բերել, ղեկային կարգավորումը փոխել, որից հետո հաշվառվի ու թույլատրվի շահագործումը: Պետք է արձանագրենք, որ այդ ընթացքում հնարավորություն չեն ունենալու շահագործել, շահագործելու դեպքում տուգանքների խնդիր կբացվի: Եկեք պայմանավորվենք, որ մենք ընդառաջ ենք գնում, բայց չարաշահումների փորձ հույս ունենք՝ չի լինի»,- ասաց Փաշինյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, թե կարծում է, որ պետք է քննարկել՝ արդյո՞ք համաձայն են, որ փոփոխված մեքենաները շարունակաբար ներկրվեն ու շահագործվեն Հայաստանում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում։

«Ես պարոն Ավինյանի հետ լրիվ համաձայն եմ: Մենք, ըստ էության, գեներացնում ենք վթարի պոտենցիալ օբյեկտ հանդիսացող շարժական գույքի ծավալներ Հայաստանում: Եթե մենք սերտիֆիկացիա չանենք, կպարզվի, որ վթարների մեծ քանակի պատճառը նրանում է, որ ղեկի տեղափոխությունն արվել է ոչ պրոֆեսիոնալ ձևով»,-ասաց Գրիգորյանը:

Ավինյանը նշեց, որ պետք է նոր ժամկետ ֆիքսել, որից հետո ընդհանրապես աջակողմյան ղեկով մեքենաները չեն կարող շահագործվել:

«Եկեք պայմանավորվենք, որ էս խմբաքանակն էլ դուրս է գալիս, ու ընդհանրապես փակում ենք էս կարգի մեքենաների ճանապարհը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ նշեց, որ նախորդ տարվա վերջում էլ էին նման քննարկում արել ու ասել՝ էս էլ ենք անում ու էլ չենք անում:

«Այսինքն՝ հիմա պարզ-պրիմիտիվ հարց են դնում, ասում են՝ Վրաստանի արհեստավորն էդքան փող ա աշխատում, մեր արհեստավորին չե՞ք թողնում՝ աշխատի: Հիմա մենք որոշումը, փաստորեն, կիսատ ենք կայացրել ու փողը Հայաստանից տեղափոխել ենք ուրիշ երկիր, վատ որոշում ենք կայացրել»,-ասաց վարչապետը:

Վարչապետը հորդորեց կոնկրետ ամսաթիվ որոշել, թե երբվանից են արգելում անգամ փոխված ղեկով մեքենաների ներկրումը, ու այլևս նոր նախաձեռնություն չբերել. «Արագ է պետք անել»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ