fbpx
Խորհրդարան

ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Մեղրու ԱՏԳ շուրջ ստեղծված իրավիճակը

Հոկտեմբերի 8-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Մեղրու ԱՏԳ շուրջ ստեղծված իրավիճակը:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ քննարկման շարժառիթը եղել է հանձնաժողովի՝ օգոստոսի 30-ին Մեղրիում հրավիրված արտագնա նիստը, որի ընթացքում տեղեկացել են ժամանակին մեծ ոգևորությամբ բացված, ազատ տնտեսական գոտու պարապուրդի մատնված լինելու մասին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով՝ Մեղրու ազատ տնտեսական գոտու շահագործման համար առկա են մի շարք խնդիրներ, որոնցից կարևորը հողերի հարցն է. ամբողջ տարածքի համար պահանջվում է 50-60 հեկտար, սակայն այն ընդհամենը 1,8-է, ինչն էլ անբավարար ազատ տնտեսական գոտու համար:

Ըստ փոխնախարարի՝ հաջորդը՝ մաքսային ռեժիմի կարգավորման, ինչպես նաև շինարարների հետ կապված հարցերն են:

Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է, որ ազատ տնտեսական գոտու տարածքի հողերի հետ կապված հարուցվել է քրեական գործ, իսկ մաքսային կարգավորումը կլինի, երբ կհստակեցվի, թե հողերի որ հատվածն է տրվելու տնտեսական գոտուն:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ նախքան գոտու շահագործումը առկա մի շարք անլուծելի հարցեր պահանջում են օրենսդրական կարգավորում:

Նիստում փոխվարչապետը հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանին պարգևատրել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի բարձրագույն պարգևով:

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի ջանքերով Մեղրին մինչև տարեվերջ կգազիֆիկացվի:

Անդրադառնալով Մեղրու ԱՏԳ-ու հողերի խնդրին՝ Մխիթար Զաքարյանը նշել է, որ համայնքն ունի 70 հեկտար ազատ հող և այն պատրաստ են տրամադրելու կառույցին:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու գործունեության հիմնախնդիրներին:

Արձանագրելով հողերի օտարման, ինչպես նաև սահմանային ուղեկալի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հանձնաժողովը որոշում է կայացրել անդրադառնալ հարցին հանձնաժողովի հերթական նիստում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ