fbpx
Խորհրդարան

Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին

ՀՀ ԱԺ-ն հայտնել է, որ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին և Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին:

«Իշխան Սաղաթելյանը շնորհավորել է դեսպան Ռիխտերին առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի հայ-գերմանական հարաբերություններին: Հայաստանը շահագրգռված է երկկողմ արդյունավետ համագործակցության զարգացմամբ, և ԳԴՀ-ն՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար. ասել է ԱԺ փոխնախագահը:

Նա փաստել է՝ Հայաստանը գտնվում է դժվարին ժամանակաշրջանում, և այս համատեքստում կարևոր է Գերմանիայի՝ որպես ԵՄ անդամ երկրի դերակատարությունը հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում: «Մենք ծանոթ ենք և՛ արտգործնախարարի դիրքորոշմանը, և՛ Բունդեսթագում տեղի ունեցող քննարկումներին՝ ռազմագերիների հարցում հստակ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ, որի համար շնորհակալ ենք»,- ընդգծել է Իշխան Սաղաթելյանը:

Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին: ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ագրեսիան և ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են՝ ԼՂ հակամարտությունը լուծված չէ, այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը:

«Չպետք է դադարեցնենք մեր ջանքերը գործադրել՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար»,- շեշտել է Մաթիաս Լյութենբերգը:

Մաթիաս Լյութենբերգն իր հերթին բարձր է գնահատել հայ-գերմանական ներկայիս հարաբերությունները՝ նշելով, որ դրանց զարգացման մեծ ներուժ կա տարբեր ոլորտներում: Հյուրի խոսքով՝ նոր ձևավորված Բունդեսթագը, ինչպես նաև Գերմանիայի կառավարությունը շահագրգռված են՝ սերտացնելու Հայաստանի հետ հարաբերությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների, սահմանազատման և սահմանագծման, հնարավոր ներդրումների, հայաստանյան ներքաղաքական հարցերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ