ՀՀ ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի անդամները սեպտեմբերի 5-ին հանդիպել են մեր երկրում Մոլդովայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուսլան Բոլբոչանի (նստավայրը Կիև) և ՀՀ-ում ՄՀ պատվավոր հյուպատոս Մակար Պետրոսյանի հետ:
ՀՀ ԱԺ բարեկամական խմբի ղեկավար Արմեն Փամբուխչյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է Մոլդովայի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ և նշել, որ թեև դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջև սկիզբ են առել դեռևս 1992 թվականից, սակայն հետագայում անհրաժեշտ զարգացում չեն ապրել: Ըստ պատագամավորի` այսօր Հայաստան-Մոլդովա համագործակցության համար բացվում են նոր հեռանկարներ:
Հանդիպմանն անրադարձ է կատարվել երկկողմ ապրանքաշրջանառության աճին, երկուստեք պատրաստակամություն հայտնվել աջակցելու տնտեսության զարգացմանն ու փոխշահավետ համագործակցությանը:
Դեսպան Ռուսլան Բոլբոչանը խորհրդարանականներին հրավիրել է ներկա գտնվելու ՀՀ-ում Մոլդովայի Հանրապետության հյուպատոսարանի բացման արարողությանը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպելու բարեկամական խմբերի ձևաչափում: