fbpx
Խորհրդարան

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ապրիլի 12-ին կայացած նիստերի ամփոփում

Ապրիլի 12-ին հերթական նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել իրական սեփականատերերի հասկացությունը՝ միաժամանակ ամրագրելով նաև քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը: Գործադիրն առաջարկում է կարգավորել նաև իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, սեփականատեր գրանցելու և գրանցման մեջ փոփոխություններ կատարելու ժամկետները:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Ըստ նրա՝ նախաձեռնության նպատակն է խթանել ցեմենտի ներքին արտադրությունը և ներմուծման փոխարինման միջոցով ներքին շուկան ապահովել տեղական արտադրանքով: Հիմնական զեկուցողի խոսքով՝ Հայաստանում 2018 թվականին ցեմենտի տարեկան իրացման ծավալները կազմել են մոտ 680 հազար տոննա, որից 512 հազար տոնան արտադրվել է Հայաստանում, իսկ 168 հազար տոննան ներմուծվել է: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել են թե՛ արտադրության, թե՛ ներմուծման ծավալները: Ներկայում ցեմենտի հիմնական ներմուծումն իրականացվում է Իրանից: Նշվել է, որ ներմուծման նման պայմաններում ցեմենտի տեղական արտադրող ընկերությունները կդադարեցնեն գործունեությունը և դրա արդյունքում ներմուծողները կարող են բարձրացնել ցեմենտի գները: Շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով գործադիրն առաջարկում է ներմուծվող ցեմենտի վրա պետության կողմից որոշակի սահմանափակումների կիրառում:

Հանձնաժողովի անդամները խոսել են Իրանից ցեմենտի ներկրման գնի վերանայման հնարավորությունից, կարևորել Կառավարության կողմից ճյուղի մրցունակությանն ու տեղական արտադրության պաշտպանությանն ուղղված քայլերի իրականացումը, առկա աշխատատեղերի պահպանումը և ավելացումը:

Հանձնաժողովի նախագահը, կարևորելով տեղական արտադրողների պաշտպանությունը, ինչպես նաև առաջնահերթ համարելով պետության շահը, անհրաժեշտ է համարել առաջարկվող պետական տուրքը սահմանել 1 տարի ժամկետով, ստեղծել փորձագետներով համալրված աշխատանքային խումբ՝ բազմակողմանիորեն ուսումնասիրելու շուկայի հնարավորությունները:

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ գործող օրենքով արգելվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով այն ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հայաստանի տարածքում, որոնց առավելագույն ընդհանուր զանգվածը գերազանցում է 44 տոննան, իսկ տրանսպորտային միջոցի մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը` 11.5 տոննա կշռային ցուցանիշները չգերազանցող ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունը` առանց ճանապարհը տնօրինողի թույլտվության: Նախաձեռնությամբ առաջարկվում է արգելել թույլատրելի առավելագույն զանգվածը և մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, քանի որ հակառակ դեպքում վնաս է հասցվում ճանապարհային պաստառին:

Արգելքը չի տարածվում կշռային ցուցանիշները գերազանցող ծանրաքաշ չմասնատվող բեռների վրա և նախագծով նախատեսվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկության երթուղու համար տրամադրել մեկանգամյա թույլտվություն և սահմանել պետական տուրք:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանի հեղինակած «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասինե օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ հեղինակի՝ գովազդվող ապրանքների և ծառայությունների շարքում հանդիպում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպիչների ծառայությունների գովազդ, որը հասանելի է տարիքային բոլոր խմբերի համար, օրվա ցանկացած ժամի: Պատգամավորն առաջարկում է սահմանափակել վերոնշյալ ծառայությունների գովազդը՝ հասարակության խոցելի խմբերին զերծ պահելու դրանց ազդեցությունից:

Կառավարության դրական տեսակետը ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Նրա խոսքով՝ գործադրի համար ընդունելի է նախագծի նպատակադրումը և Կառավարությունը ներկայացրել է բովանդակային և խմբագրական առաջարկներ:

Պայմանավորվածություն է ձեռբ բերվել հարցի քննարկումը շարունակել հաջորդ նիստում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը հետաձգվել է մինչև երկամսյա ժամկետով:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթները:

Քննարկված բոլոր նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Նույն օրը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվել և հաստատվել են աշխատանքային խմբեր կազմավորելուն և դրանց աշխատակարգին վերաբերող որոշման նախագծեր:

Ըստ այդմ՝ հանձնաժողովում հասարակական հիմունքներով կգործեն ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, հանքարդյունաբերության օրենսդրության վերլուծությանը, Սևանա լճին, կենդանիների պաշտպանությանը, Օրհուսի կոնվեցիայի պահանջների արդյունավետ իրագործմանն ու վերահսկողությանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության օրենսդրական շրջանակի վերլուծությանը և անտառների արդյունավետ կառավարման հարցերով զբաղվող յոթ աշխատանքային խմբեր: Դրանցում ներգրավված կլինեն նաև ներկայացուցիչներ գործադիր մարմնից և հասարակական կազմակերպություններից:

Հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանի տեղեկացմամբ՝ կենդանիների պաշտպանության հարցերով զբաղվող աշխատանքային խումբն արդեն սկսել է աշխատանքը և շուտով քննարկման կներկայացնի «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը:

Կգործի նաև մեկ այլ աշխատանքային խումբ, որը կքննարկի «Ֆարմ կրեդիտ Արմենիա» վարկային կազմակերպության առաջարկները՝ ուղղված գյուղատնտեսության զարգացմանը:

Հանձնաժողովը քննարկել է նաև քաղաքացիների ընդունելության ժամանակացույցին վերաբերող հարցեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ