fbpx
Խորհրդարան

ԱԺ նախագահի տեղակալը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին

ՀՀ ԱԺ-ն հայտնել է, որ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ:

«Ողջունելով դեսպանին` Իշխան Սաղաթելյանը կարևորել է Հայաստանի և Արգենտինայի միջև խորհրդարանական կապերի զարգացումը, նորաստեղծ բարեկամական խմբերի համագործակցության խորացումը, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում: «Չնայած երկու երկրների միջև առկա մեծ հեռավորությանը` Հայաստանն ու Արգենտինան մի շարք ոլորտներում համագործակցության լայն հնարավորություններ ունեն՝ հատկապես հաշվի առնելով Արգենտինայում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը: Նա կարևորել է հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը` անհրաժեշտ համարելով գյուղատնտեսության բնագավառում արգենտինական փորձի կիրառումը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի հետպատերազմյան իրավիճակին: Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները և ագրեսիան` կարևորելով այդ հարցում բարեկամ և գործընկեր երկրների աջակցությունը: Այս համատեքստում դեսպանը նշել է, որ Արգենտինան՝ որպես Հայաստանի բարեկամ երկիր, մշտապես հայ ժողովրդի կողքին է:

Դեսպանը նույնպես ընդգծել է բարեկամական խմբերի սերտ համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը, փոխայցերի կազմակերպումը: Մարիանո Վերգարան համաձայնել է, որ Արգենտինան և Հայաստանը երկար տարիների եղբայրական ու բարեկամական սերտ կապեր ունեն, և մի շարք ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա: Նա ներկայացրել է դեսպանատան գործունեությունը, խոսել իրականացվելիք ծրագրերի մասին: Առաջիկայում նախատեսվում է Հայաստանում բացել Արգենտինայի առևտրային պալատ` նպատակ ունենալով զարկ տալ փոքր և միջին բիզնեսին:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ