fbpx
Խորհրդարան

ԱԺ փակ նիստի քննարկումը կարճ տևեց. ընդդիմությունը լքեց դահլիճը

ՀՀ ազգային ժողովում փակ նիստում մեկնարկեց և կարճ ժամանակ անց ավարտվեց «Հայաստան» խմբակցության առաջարկած «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» թեմայով հրատապ քննարկումը: Քննարկումն ավարտվել է, քանի որ ընդդիմադիր պատգամավորները, չտեսնելով համապատասխան գերատեսչություններից պատշաճ ներկայացվածություն, լքել են դահլիճը:

«Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ դեռ մեկ շաբաթ առաջ դիմում էր գրել ԱԺ նախագահին՝ ասելով, որ եթե վերջնական որոշում կայացվի քննարկումը փակ ֆորմատով անցկացնել, ապա ռազմագերիների, պահվող անձանց հարազատներից առնվազն 5-ը պետք է ներկա լինեն նիստին, որ անմիջական ինֆորմացիա ստանան: «Մենք պահանջել էինք, որ նիստին ներկայանա Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար, ԱԱԾ ղեկավարը, պաշտպանության նախարարը: Նրանցից որևէ մեկը ներկա չէր այսօրվա նիստին, ավելին՝ գրեթե վարչության պետերի մակարդակով էր ներկայացվածությունը»,- «ևԱրմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց պատգամավորն ու կարծիք հայտնեց, թե սա քաղաքական ու պետական մոտեցում է այդ խնդրին:

«Մենք դուրս ենք եկել՝ հաշվի առնելով, որ ընդամենը վարչության պետի մակարդակներով ներկայացվածություն է եղել, և ըստ էության չէին կարողանա այնպիսի բովանդակային պատասխաններ տալ»,-ասաց Գրիգորյանը:

Նա լսել է, որ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ արտախորհրդարանական ուժերի հետ առավոտյան ժամը 10-ից մինչև 19:00-ն քննարկումներ է անցկացրել: «Այսինքն՝ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկման թեմա կա, բայց ԱԺ ներկայանալ և այսքան կարևոր թեմաների մասին խոսելու ժամանակ չունի՞»,- հարցադրում արեց Գրիգորյանը:

Փակ նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը և այլք:

Նախքան փակ նիստը «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը նշել էր, որ առաջարկել են, որպեսզի քննարկմանը մասնացկի ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը, հետաքրքրվել, թե արդյոք նրանք մասնակցելո՞ւ են:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքել էր՝ տեղեկացրել են կառավարությանն այդ մասին, եթե ժամանակը ների, վարչապետը կմասնակցի: Նա հիշեցրել էր, որ կառավարության անդամների հատ հարցուպատասխանին ողջ կազմը ներկա է լինում, կարող են հետաքրքրող հարցերով դիմել: Արծվիկ Մինասյանն էլ արձագանքել էր՝ այլ բան է հարցուպատախանը, այլ բան է քննարկումը խորհրդարանում: Սիմոնյանն էլ հիշեցրել էր ՀՀ վարչապետի՝ ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպելու առաջարկի մասին, որն ավելի վաղ արվել էր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ