Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ` ղեկավար Յորղոս Լիլիկասի և տեղակալ Նիկոս Տոռնարիտիսի ղեկավարությամբ:
Կիպրական կողմը, ողջունելով ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը, նշել է, որ երկու ժողովուրդների և պետությունների միջև կապերը գալիս են դարերի խորքից և առանձնանում իրենց յուրօրինակ ջերմությամբ, ընդհանուր պատմությամբ և արժեհամակարգով: Կողմերն առանձնահատուկ կարևորել են Հայաստան-Կիպրոս խորհրդարանական սերտ համագործակցության առկա ձևաչափը և ընդգծել հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Կիպրոսում ապրող հայ համայնքի գործունեությանը:
Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել հանձնաժողովի անդամներին Հայաստանին առնչվող բոլոր սկզբունքային հարցերում մեր երկրի կողքին լինելու և երկու պետությունների առջև կանգնած մարտահրավերներին միասին դիմակայելու համար: Ազգային ժողովի նախագահը հաջողություն է մաղթել հանձնաժողովի հետագա աշխատանքներին` նշելով, որ Հայաստանում կայացած վերջին խորհրդարանական ընտրություններից հետո վերջինիս գործունեությունում նորանոր հորիզոններ են բացվում:
Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Մխիթար Հայրապետյանը մատնանշել է երկու երկրների միջև արտաքին քաղաքականության երեք հիմնական` եվրոպական, եվրասիական և մերձավորարևելյան ուղղությունները, որոնց շրջանակներում հանձնաժողովականները կձևավորեն իրենց հիմնական անելիքը: Մխիթար Հայրապետյանը կարևորել է Կիպրոսի դերակատարությունը ՀՀ-ԵՄ հարաբերություններում, ինչպես նաև Հայաստանի դերակատարությունը` որպես ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության արդյունավետ կամուրջ:
Հանձնաժողովի անդամները հանդես են եկել հայտարարություններով:

