Իրավական

ԱԺ պետաիրավական հանձնաժողովում արտահերթ նիստով քննարկում էր

Մինչ Ազգային ժողովի լիագումար նիստի մեկնարկը, այսօր տեղի է ունեցել նաև ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստ: Նիստի օրակարգում մեկ հարց էր. «Սահմանադրական դատարանի մասին» օրենքն ու «ԱԺ կանոնակարգ» օրենքի համապատասխան կետերը Սահմանադրական դատարանի որոշման իրավական դիրքորոշումներին համապատասխանեցնելը: Կառավարությունը կատարել է որոշ փոփոխություններ, որոնցում ընդդիմության ներկայացուցիչները կոնկրետ միտումներ են տեսնում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հարց ուղղեց փոփոխությունների մասին զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին.

«Հնում գրված էր՝ եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվերակությունից հետո իրավասու մարմինը 10-օրյա ժամկետում առաջադրում է նոր թեկնածու, ՍԴ-ն 10-օրյա ժամկետի հետ կապված է հակասահմանադրական ճանաչվում, դուք վերաձևակերպում եք հետևյալ կերպ. եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվերակությունից հետո իրավասու մարմինը կրկին առաջադրում է թեկնածու: Այսինքն` նոր բառը փոխարինել եք կրկին բառով. և դա չի վերաբերում թեկնածուին, արդյունքում իմ մոտ մտավախություն է առաջանում, որ հնարավոր է, որ նախագահը, կառավարությունն անընդհատ նույն թեկնածուին առաջադրի»:

Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Մտավախություն չի, անձը նորից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելու արգելք չունի, հետևաբար` դա քաղաքական կամքի արտահայտում է և քաղաքական մարմինների պայմանավորվածության արդյունք: Անձը, ով մի անգամ առաջադրվել է ՍԴ թեկնածու, որևէ տրամաբանական արգելք չունի նորից առաջադրվելու»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նույնպես հետաքրքրվեց

«Ո՞րն է հրատապությունը հիմա արտահերթ նիստով այսպիսի փոփոխություն կատարելու, հարց երկրորդ՝ դուք զեկուցման ժամանակ չեք հիմնավորում, թե ինչո՞ւ եք նման փոփոխություն կատարում, երրորդ՝ կարելի՞ է անկեղծ ասել, թե ինչի համար եք օրենքը փոխում»:

Զեյնալյանը ասաց, որ հրատապությունը նրանով է պայմանավորված, որ մինչև ապրիլի 1-ը մտնի ուժի մեջ: «Անհրաժեշտ ենք գտել կարգավորել այս հարաբերություններն այնքանով, որքանով կարգավորված չեն, այդքանով անկեղծորեն բերել ենք այս կարգավորումները»,-հավելեց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը, նույնպես միանալով քննարկմանը, նշեց.

«Մարուքյանի հարցադրման նպատակը նրանում է, թե հրատապությունն ինչումն էր, որն իսկապես հետաքրքիր հարցադրում է, և գուշակությամբ չզբաղվեմ, բայց հավանաբար շարժառիթն այն է, թե արդյո՞ք հրատապ վիրահատական միջամտությունները ձոնված չեն կոնկրետ անձանց»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ