fbpx
Խորհրդարան

ԱԺ-ում քննարկվեց ԱՊՀ-ում ահաբեկչության դեմ պայքարում տեղեկության փոխանակման համաձայնագրի հարցը

Այսօր՝ մարտի 3-ին, ՀՀ ազգային ժողովում քննարկվել է «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Համաձայնագիրը վավերացնելու հարցը ներկայացրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

Վերջինս նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 3-ին Տաշքենդում Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կառավարությունների կողմից: ՀՀ վարչապետը համաձայնագիրը ստորագրել է վերապահումով, ըստ որի՝ այն ուժի մեջ է մտնում ԱԺ-ի կողմից վավերացվելուց հետո: Համաձայնագիրը այն ստորագրած մյուս պետությունների համար արդեն իսկ ուժի մեջ է մտել:

«Համաձայնագրի նպատակն է ահաբեկչության և ծայրահեղականության, այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման ապահովումը: Համաձայնագրով անկախ պետությունների համագործակցության շրջանակներում կամրապնդվի ահաբեկչության և ծայրահեղականության, այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման միջպետական համագործակցությունը և կբարձրանա դրա արդյունավետությունը»,-ասել է Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ տեղեկության փոխանակումը կկատարվի դիվանագիտական ուղիներով, սուրհանդակային ծառայության օգտագործմամբ կամ իրավասու մարմինների կողմից համաձայնեցված այլ միջոցով, ինչպես նաև տեղեկատվական, այդ թվում՝ միջպետական համակարգերի օգտագործմամբ:

«Ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում միջպետական տեղեկատվական համակարգ է հանդիսանում ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի տվյալների մասնագիտացված շտեմարանը, որի իրավական ռեժիմը որոշվում է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի կողմից»,-նշել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը։

Համաձայնագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն իրավասու մարմինների և ԱՊՀ մարմինների միջոցով հարցումների հիման վրա:

ՀՀ արդարադատության նախարարության եզրակացությամբ՝ համաձայնագիրը ենթակա է վավերացման, քանի որ այն վերաբերվում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև քաղաքացու ազատություններին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ