fbpx
Խորհրդարան

ԱԺ հանձնաժողովում քննարկվում են տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների շահերը պաշտպանող նախագծեր

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն ստացավ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որը պաշտպանում է տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների շահերը:

Նախագծերը ԱԺ տնտեական հարցերի հանձնաժողովում ներկայացնելիս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ իրականացվող փոփոխություններով կառավարությունը նպատակ ունի պաշտպանել Հայաստանում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերը։

Խաչատրյանն ասաց, որ 2018-ին ցեմենտի շուկայում կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան և ներմուծվող ցեմենտը, որը նախորդ տարիներին ոչ մեծ տեսակարար կշիռ ուներ շուկայում, սկսեց Հայաստանի սպառման շուկայում ունենալ զգալի կշիռ։ Ըստ նախարարի վկայակոչած տվյալների, ներմուծվող ցեմենտի ծավալն աճել է 3.5 անգամ, որը 2018-ին կազմել է 180 հազար տոննա։ Այսպես, 2018-ին Հայաստանում սպառված 730 հազար տոննա ցեմենտի մեջ 180 հազար տոննան ներմուծված է եղել, մոտ 550-ը՝ տեղական արտադրության։

Նախարարի նաև հավելեց, որ իրանական ցեմենտը ցածր գնի պատճառով ճնշող ազդեցություն է թողնում շուկայի վրա, քանի որ պատրաստի ցեմենտը սահմանին վաճառվում է 17-18 ԱՄՆ դոլար։

Կառավարությունն առաջարկում է ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։

«Տուրքի չափը պետք է լինի 22 հազար դրամ, որպեսզի նրանք հավասար գներով հայտնվեն շուկայում։ Այսինքն՝ մեր կողմից առաջարկվող սկզբունքը այն է, որ սահմանվող պետական տուրքի չափը լինի ոչ թե այնպիսին, որ բացառի իրանական ցեմենտի վաճառքը շուկայում, այլ այն շարունակի գոյություն ունենալ ու իր գոյությամբ թելադրի մրցակցային պայմաններ, որպեսզի տեղական արտադրողը նույնպես հակված լինի շարունակել ինքնարժեքի իջեցումը և իր դիրքերը շուկայում պահպանելու համար՝ մտածի տեխնոլոգիաների վերազինման մասին», – նշեց նախարարը։

Կառավարության ներկայացուցիչը նաև ասաց, որ տեղական արտադրողը վստահեցրել է, որ առաջիկայում ինքնարժեքի իջեցման հնարավորություն կա՝ այս տարվա ընթացքում 6-7 հազար դրամով։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը արձագանքեց, որ նույն սկզբունքով կարելի է բոլոր ներմուծվող ապրանքների վրա պետական տուրք սահմանել, ինչը ընդունելի չէ։

«Իհարկե, հասկանալի է, որ տեղական արտադրանքը պետք է պաշտպանել, բայց նաև պետք է հասկանալ, թե հետո ինչ է լինելու, որքանով ենք նպաստելու այդ ճյուղի զարգացմանը։ Ես առաջարկել եմ պետական տուրքը սահմանել որոշակի ժամկետով՝ 1 տարի։ Մեկ տարուց հետո մենք կհավաքվենք ու կքննարկենք, թե շուկայում ինչ զարգացումներ են կատարվել», – նշեց Թունյանը։

Օրինագծերում ժամկետների մասով Բաբկեն Թունյանի փոփոխությունների առաջարկությունն ընդունվեց, այսինքն՝ ցեմենտի ներմուծման համար սահմանվող պետական տուրքը կլինի ժամանակավոր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ