Ընտրանի

Ականապատման քարտեզները՝ ռուսական պահանջ, ռազմագերիների վերադարձը՝ ամերիկյան

razmageriner

1993 հունիսի 12-ին զոհվել է ՀՀ ազգային հերոս՝ Մոնթե Մելքոնյանը, Ակնայի (Աղդամ) Մարզիլի գյուղի մոտակայքում։ Ազգային հերոսն, այլ հրամանատարների հետ միասին ազատագրել էին Ակնան և տարածքներ։ Նույն օրը՝ 28 տարի անց, արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գերեվարված հայ զինվորներից 15 հոգին վերադարձվեցին Հայաստան։

Հայ ռազմագերիների մասին առաջինը հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանը, խորհրդարանական ընտրարշավի շրջանակներում Գեղարքունիկի մարզ կատարած այցի ժամանակ։ Ինչ խոսք, այս ընկճված ու հուսահատված վիճակում, երբ ՀՀ ինքնիշխան տարածքներ են ներխուժել թշնամական զորքերը, հրադադարից հետո նոր գերիներ են վերցրել, պահանջում են Սյունիքով միջանցք տրամադրել դեպի Նախիջևան, ներքաղաքական վայրիվերումներ են տեղի ունենում երկրի ներսում, կարող ենք համարել փոքր և կարևոր հաղթանակ։

Իսկ ո՞վ և ինչպե՞ս բերեց այդ հաղթանակը։ Տարածաշրջան էր ժամանել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը, ով ժամանել էր Վաստան, Ադրբեջան, այնուհետև՝ Հայաստան։ Նա, ըստ պաշտոնական տեղեկությունների, Հայաստան էր եկել քննարկելու երկկողմ առաջնահերթությունները՝ քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը։

Ռիքերի ծրագրած հանդիպումներից հետո, իր անմիջական միջնորդությամբ, ինչպես հայտարարեց Փաշինյանը, 15 ռազմագերիները փոխանցվեցին Հայաստանին Վրաստանով։ Այս անգամ, փաստորեն, խաղից դուրս մնաց Ռուսաստանը, որը կարծես թե խաղաղապահի ու տարածաշրջանում հարց լուծողի դերակատարում է ստանձնել։ Եվ ամեն բան հարթ կընթանար, եթե նրանք մեզ ավելորդ խնդրի մեջ չներքաշեին, որրպեսզի օգտվեին իրենց տեղապահներն ընտրական գործընթացներում ու մեր հակառակորդը։ Դա Ակնայի որոշ հատվածներում ականապատման քարտեզների հանձնում էր ադրբեջանական կողմին, որն, ըստ Փաշինյանի, արվել է որպես մարդասիրական ժեստ։ Այսինքն չի եղել ռազմագերիներին արտահանձնելու նախապայման, բայց դա արվել է ընդառաջ հակառակորդի ցուցաբերած գործողության։

Եթե չկար նման պահանջ, ապա ի՞նչ տրամաբանությամբ է հանձնում ականապատ դաշտերի քարտեզը, այն էլ ռազմավարական այնպիսի տարածքի, որը կարևոր նշանակություն ունի Արցախի անվտանգության համար։ Իհարկե, մարդասիրությամբ բացատրությունը հիմնավոր չի թվում, քանզի ևս մի կողմից վտանգում է Արցախի բնակչության պաշտպանվածությունը։ Այսինքն, այս գործընթացում կա չբացահայտված կողմ, որը միանշանակ գործում է, բայց առանց երևալու, որը միշտ է գործում, սակայն այլ ձեռքերով։ Իսկ այդ կողմը կարող է լինել միայն Ռուսաստանը։ Նրանք միշտ, ամեն ինքնուրույն քայլից հետո «պատժում են» հայկական կողմին, նույնիսկ, եթե այդ քայլը մենք չենք իրականացնում, այլ անկախ մեզնից է տեղի ունենում, դա ևս արժանանում է համապատասխան «պատժի»։

Ականապատման քարտեզների գոյությունը մեր կողմի ձեռքերում բավականին լավ խաղաքարտեր են, չանայած, որ դրանք այնպես չի, որ չեն անտեսվում հենց հակառակորդի կողմից պատերազմելու ընթացքում։ Սակայն, դրանք ալիևյան կլանի համար լավ հնարավորություն էին, որպեսզի արտահանձնումից հետո բարձրագոչ կերպով հայտարարեն իրենց «հաղթանակների» մասին ներքին լսարանի առաջ, իսկ ռուսական կողմը, այսպես ասած, ևս մեկ սայթաքումն ապահովի ՀՀ գործող իշխանությունների համար, որպեսզի իրենց տեղապահներն ու պրոռուսական մասնագետները հարվածներ ուղղեն ընտրական գործընթացներում իրենց օպոնենտին։ Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա ռուսական կողմը չի ներում ամերիկյան այս արարքը հայերին, քանի որ հայկական կողմին ԱՄՆ ցույց է տալիս, թե ով կարող է այս տարածաշրջանում անվարան կերպով խնդիր լուծել։ Ցեղասպանության ճանաչումից, անհատույց տրվող միլիոնավոր դոլարանոց դրամաշնորհներից հետո սա ևս մեկ հստակ քայլ էր, որը ուղիղ իմաստով Հայաստանին օգուտ բերեց։ Սա ուղերձ էր Հայ ժողովրդին, որ աշխարհաքաղաքական դաշնակից ունի, որի վրա կարող է հույս դնել։

Ամեն դեպքում, թե ինչ գին է ունեցել մեր տղաների վերադարձը, ուղղակի պետք է փաստենք, հասկանանք և բարի գալուստ մաղթելով՝ համերաշխ, գրկաբաց ընդունեք նրանց ու նայենք դեպի ապագան։ Իսկ ապագան կախված է մեր կշռադատված ու խոհեմ քայլերից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ