fbpx
Քաղաքականություն

15:30 15/5/2019

Ակնկալվում է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը կկայանա Վաշինգտոնում․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հաջորդ հանդիպման համար սպասում ենք որոշ հստակեցումների, լրագրողներ հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Մի փոքր էլ համբերենք։ Գիտեք որ, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար, հանդիպման համար, և հյուրընկալող կողմը պետք է ասի՝ ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն, համաձայնել։ Սկզբունքորեն մենք որևէ խնդիր չունենք», – ասել է նա։

Հարցին՝ արդեն հստա՞կ է, որ Վաշինգտոնն է հյուրընկալելու, նախարարը պատասխանել է. «Ակնկալվում է։ Բայց սխալ կլինի որևէ բան ասել։ Նորից եմ կրկնում, հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ»։

Դիտարկմանը, թե Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը նորից պնդել է, որ սկզբունքորեն դեմ է Ստեփանակերտի վերադարձին բանակցային սեղան, որովհետև ասում է, որ Հայաստանի իշխանությունները գալիս և իրենց ներկայացնում են՝ ինչ են բանակցում, Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ հայկական կողմն էլ է սկզբունքորեն կողմ։

«Նորից կրկնեմ, մենք բազմիցս առնչվել ենք այս հարցին. սա խստորեն պրակտիկ հարց է, որովհետև եթե Արցախին չի տրվում հնարավորություն սեփականատերը լինել այս գործընթացի, այս գործընթացի արդյունավետությունը լրջորեն տուժում է։ Մեր մոտեցումը շատ պրակտիկ է, շատ գործնական ու տրամաբանական», – ասել է նա։

 

Վերեվ