fbpx
Արցախ

Ալիևի այցերը Բաքվի հայատյաց և միլիտարիստական քաղաքականության վկայությունն են. Արցախի ԱԳՆ

Բացարձակ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տեւական կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի նկատմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր տիկնոջ՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված Հադրութի շրջան: Այս մասին ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Օկուպացված տարածքներում գտնվելու ժամանակ նախագահ Ալիեւն անձամբ հանձնարարել է իրեն ուղեկցող պաշտոնյաներին ջնջել միջնադարյան հայկական արձանագրություններն օկուպացված տարածքներում գտնվող եկեղեցիների եւ հուշարձանների պատերից։

Նման պաշտոնական այցերն Ադրբեջանի հայատյաց ու ռազմատենչ, քաղաքականության, ինչպես նաեւ հետագա ագրեսիվ պլանների մարմնավորումն են:

Արցախի Հանրապետությունը բազմիցս տեղեկացրել է միջազգային հանրությանն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ահաբեկչության, նրա ռազմական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ցեղասպանական ծավալապաշտական քաղաքականության կոպտագույն առաջմղման մասին:

Այդ ցեղասպան քաղաքականությունը հանցագործություն է մարդկության դեմ, միջազգային նորմերի, դաշնագրերի, բանաձեւերի եւ համաձայնագրերի կոպիտ խախտում եւ սպառնալիք ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։

Կոչ ենք անում համապատասխան միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու դատապարտելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը: Անգործությունն ու անտարբերությունը կարող են անկանխատեսելի հետեւանքներ ունենալ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ