Հասարակություն

Ալիևի հերթական թշնամական ելույթները ՄԻՊ-ը նամակով ուղարկել է միջազգային կառույցներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ադրբեջանի նախագահի այն ելույթները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են, պաշտոնական նամակով ուղարկել եմ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային մի շարք այլ մարմինների:

Այս անգամ խոսքը վերաբերում է Ադրբեջանի նախագահի 2021թ. ապրիլ ամսվա ելույթներին:

Ուղարկված ելույթներում Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են, լարվածություն են առաջացնում հայկական հասարակությունում, և իր ելույթներով նա ընդգծում է ադրբեջանական ժողովրդի առավելությունները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած այս գործընթացը լինելու է շարունակական. Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձները ենթարկվում են հատուկ մոնիթորինգի:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նպատակն է ցույց տալ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան բնույթի քաղաքականությունը, որը մարդու իրավունքների կոպիտ խախտումների պատճառ է, նոր դաժանությունների լուրջ սպառնալիք և վտանգում է խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասված է ՄԻՊ-ի գրառման մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ