fbpx
Քաղաքականություն
17:00 14/10/2019

Ալիևից չենք լսել «ժողովուրդ» բառը, այնինչ վարչապետը միշտ խոսում է ժողովուրդների մասին․ խոսնակ

Իլհամ Ալիևի՝ «Վալդայի» համաժողովի ընթացքում հնչած հայտարարությունների մասին հիշատակելով, երբ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ձեռնտու լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար, ասաց, որ Ղարաբաղում ժողովուրդ չկա, այնտեղ սոսկ բնակչություն է, հարց հնչեց, թե ինչպե՞ս է Հայաստանի Հանրապետությունն անվանում նրանց, ի՞նչ դիրքորոշում կա՝ ժողովո՞ւրդ, թե՞ բնակչություն:

«Չէի ցանկանա խորանալ՝ ժողովո՞ւրդ, թե՞ բնակչություն եզրույթների ադրբեջանական մեկնաբանության մեջ, բայց պետք է նշեմ, որ ժողովրդավարական հասարակությունում բնակչությունը նաև ժողովուրդ է, և հակառակը: Ես Ադրբեջանի նախագահի միայն մեկ հայտարարության հետ կարող եմ ամբողջությամբ համաձայնել, երբ նա ասաց, որ հակամարտությունից առաջ Արցախի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են»,-ասաց Աննա Նաղդալյանը:

Ինչ վերաբերում է Լավրովի՝ Ղարաբաղի հարցի փակուղային իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը, ԱԳՆ խոսնակը նշեց, որ կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, բայց ինքը պետք է ասի, որ այս իրավիճակը նոր չէ:

«Մենք հերթական անգամ լսում ենք Ադրբեջանի առավելապաշտական արտահայտությունները: Մենք մինչ այժմ չենք լսել, որ Ադրբեջանի նախագահն օգտագործի «ժողովուրդ» բառը: Այնինչ խաղաղությունը հաստատվում է ժողովուրդների միջև և ժողովուրդների կողմից: ՀՀ վարչապետը միշտ խոսում է ժողովուրդների մասին»,-ասաց Աննա Նաղդալյանը՝ շեշտելով, որ հայկական կողմը թույլ չի տալու Արցախում նոր վայրագություն ու ոտնձգություն:

Անդրադառնալով Փաշինյան-Ալիև վերջին զրույցին՝ ԱԳՆ խոսնակն ասաց, որ երկու երկրների ղեկավարները միմյանց կողքին հայտնվել են այբբենական կարգով նստելու հետևանքով, և ամբողջ ճաշի ընթացքում զրույց է եղել նրանց միջև:

«Հայկական կողմը մշտապես քաղաքավարության բոլոր կանոնները պահպանել է, և այդ շփումները հենց այդ տրամաբանության մեջ են եղել»,-նկատեց Աննա Նաղդալյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ