fbpx
Աշխարհ

Ալիևը խոսել է խաղաղության պայմանագիրը ստորագրելու իր պայմանների մասին

«Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատումը պետք է տեղի ունենա մեր պայմաններով, այսինքն՝ «արդար» պայմաններով»:

Այս մայիսի 28-ին Լաչինի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած շրջանում ունեցած հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հնչեցնելով սպառնալիքներ, թե Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից երևում են հայկական գյուղերը:

«Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և այնտեղից դուրս բերվեն հայկական բանակի ներկայացուցիչները, որոնք ներկա են Ղարաբաղում։ Սրանք են մեր պայմանները։

Այս պայմանները ես հայտարարում եմ այստեղ՝ Լաչին քաղաքում, որպեսզի բոլորը տեսնեն՝ այսօր մենք այստեղ ենք և այստեղ ենք լինելու ընդմիշտ։ Թող իմանան նաեւ, որ այստեղից երեւում են Հայաստանի գյուղերը։ Այս գյուղերը տեսնում ենք, այսինքն՝ թող սա էլ չմոռանան»,- ասել է Ալիևը:

Նա հիշատակել է նաև երկու ադրբեջանցի զինծառայողներին, ովքեր,՝ ըստ իր վարկածի, «կորցնելով ճանապարհը, անցել են Հայաստանի տարածք և այնտեղ խոշտանգումների ենթարկվել», իսկ իրականում՝ մտածված հատել հայկական սահմանն ու անգամ սպանություն իրականացրել ՀՀ տարածքում:

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները պայմանավորվել են, որ եթե ինչ-որ մեկը կորչի, եթե դա տեղի ունենա, ապա առավելագույնը երկու օրվա ընթացքում այդ մարդիկ պետք է վերադարձվեն։ Պահեցինք։ Նրանց կողմից մոլորվածներին պահել ենք առավելագույնը երկու օր, հարցաքննել ու վերադարձրել ենք՝ և՛ քաղաքացիական, և՛ զինվորական անձանց։

Տեսեք՝ իրենք ինչ արեցին. նախ՝ ծեծեցին մեր մոլորված զինվորներին, ձեռնաշղթաներ հագցրին, նվաստացրին նրանց արժանապատվությունը, նկարահանեցին ծեծի պահը։ Դրանից հետո նրանք ձերբակալվել են ու արդեն դատապարտվել»,- ասել է Ալիևը՝ մոռանալով հայ գերեվարված անձանց ու մոլորված քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական անմարդկային վերաբերմունքի, նվաստացումների, խոշտանգումների մասին, որոնք վկայող հարյուրավոր տեսագրություններ կան:

Ադրբեջանի ղեկավարը նաև հավելել է, թե վերջերս միջազգային կազմակերպությունները փաստացի լիովին համաձայնել են Ղարաբաղի հարցում Բաքվի դիրքորոշմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ