fbpx
Հասարակություն

Երթուղայինների վարորդները ժամանակավոր դադարեցրին գործադուլը

Այսօր առավոտից Երևանում շուրջ մեկ տասնյակ երթուղիներ սպասարկող (1, 10, 12, 21, 34, 19) երթուղայինների վարորդները գործադուլ էին սկսել: Նրանք պահանջում էին վերանայել այն պայմանները, որոնցում իրենք աշխատում են: Վարորդները բողոքում են բալային համակարգից և համատարած թանկացումներից: Նշում են, որ ամեն ինչ թանկացել է, իրենց մուտքերն էլ՝ նվազել:

«Յուղը 300 դրամով էինք առնում, հիմա ամենաէժան յուղը 1200 դրամ է: Գազը վերջին մի քանի ամիսներին քիչ-քիչ թանկացել է, և մեկ զապռավկեն հասել է 10 հազար դրամի, որը առաջ 7 հազար դրամ էր: 5 ռեյսում 27 հազար դրամ օրական վճարել չենք կարող: Թող կառավարությունը կա՛մ հարկերն իջեցնի, կա՛մ գազի գինն իջեցնեն մեզ համար»,- ասաց ցուցարարներից մեկը:

Նրանք բողոքեցին, որ այն գումարով, որը հարկերից ու ծախսերից հետո մնում է իրենց, պարզապես հնարավոր չէ ընտանիք կերակրել: Նրանցից շատերը վստահեցրին, որ երթուղին սպասարկող ընկերությանը հսկայական պարտքեր են կուտակում, որպեսզի կարողանան մի քանի կոպեկ գումար տուն տանել, ակտերի մասին խոսելն էլ արդեն ավելորդ են համարում: «Թեթև գիծ ես տրորում, ակտ է գալիս: Մեզ վրա ակտեր են գալիս, բայց մենք էլ մարդ ենք, 15 ժամ ղեկին նստած հոգնում ենք, խախտումներ էլ ենք անում: Թող կարմիր գծերը հանեն, տրանսպորտին գիծ տան, չենք կարողանում կանգառ մտնել: Եթե ես առավոտվա 7-ից մինչև գիշերվա 9-10 քշում եմ, ոնց էլ չլինի, մի ակտ կունենամ, չէ՞: Հիմա որ վարորդականից զրկվեմ, չեմ պատկերացնում՝ ինչ եմ անելու, ամբողջ կյանքս վարորդ եմ եղել, գնամ, ի՞նչ աշխատեմ: Ես ուրիշ ապրելու միջոց չունեմ»,- ասաց մեկ այլ վարորդ:

Վարորդները հայտնեցին, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը համոզել է, որ մի որոշ ժամանակ համբերեն, գնան գործի:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը, որը հանդիպում է ունեցել ցուցարարների հետ, նրանց առաջարկել է 10 օր էլ շարունակել աշխատել՝ մինչև իրենց հարցերին պատասխաններ գտնեն: «Բոլոր լուծումներն աստիճանաբար կտրվեն»,- ասել է նա:

Վարորդները համաձայնեցին ժամանակավոր վերադառնալ իրենց աշխատանքին: Նշեցին, որ 10 օր ևս կաշխատեն, սակայն եթե ոչինչ չփոխվի, նորից ոտքի են կանգնելու: Լրագրողների հարցին, թե ի՞նչ պայմաններով կհամաձայնվեն աշխատել, վարորդներից մեկն ասաց. «Ինչ-որ արտոնություններ տան մեզ, որպես երթուղայինի վարորդի՝ գոնե որոշակի զիջումներ լինեն, մենք էլ աշխատենք»:

Աղբյուրը՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ