Լոս Անջելեսում կայանալիք «Օսկարի» 98-րդ մրցանակաբաշխությունը հատուկ նշանակություն կունենա Հոլիվուդի լեգենդար դերասանուհի Գոլդի Հոունի համար։ 80-ամյա դերասանուհին, որը 1970 թվականին ստացել է «Օսկար»՝ «Կակտուսի ծաղիկը» ֆիլմի համար, սակայն երբեք չի ներկայացել արարողությանը, այս կիրակի՝ մարտի 15-ին, առաջին անգամ կքայլի կարմիր գորգով։ Նա կուղեկցի դստերը՝ 46-ամյա Քեյթ Հադսոնին, որը «Song Sung Blue» ֆիլմում կատարած դերի համար հավակնում է «Լավագույն դերասանուհի» մրցանակին։
Քեյթ Հադսոնի համար սա կարևորագույն պահ է, քանի որ նա 25 տարվա ընդմիջումից հետո է կրկին առաջադրվել «Օսկարի»։ Քննադատները բարձր են գնահատել նրա դերասանական խաղը, իսկ մրցանակաբաշխության ընթացքում մոր ներկայությունը լրացուցիչ խորհրդանշական իմաստ է հաղորդում իրադարձությանը։ Ընտանեկան այս կապը՝ Գոլդի Հոունի աջակցությունը դստերը, Հոլիվուդում համարվում է ամենաամուրներից մեկը, ինչն էլ ավելի է մեծացնում հանրության հետաքրքրությունը մրցանակաբաշխության հանդեպ։
Արդյո՞ք Հադսոնին կհաջողվի կրկնել մոր հաջողությունը և հաղթանակի հասնել, պարզ կդառնա կիրակի երեկոյան։ Անկախ արդյունքից՝ այս երեկոն պատմական կլինի, քանի որ Հոլիվուդի երկու սերունդների ներկայացուցիչները միասին կհայտնվեն կինոաշխարհի ամենահեղինակավոր միջոցառման կենտրոնում։

