Շվեդիան Ուկրաինային տրամադրելու է JAS 39 Gripen C/D բազմաֆունկցիոնալ կործանիչների խմբաքանակ։ Ըստ Aftonbladet պարբերականի՝ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը պաշտոնական հայտարարությամբ է հանդես գալու Ուփսալայի ռազմաօդային բազայում։ C/D մոդելների ընտրությունը պայմանավորված է դրանց պատրաստի վիճակով, ինչը թույլ կտա զգալիորեն արագացնել մատակարարումները՝ ի տարբերություն նոր արտադրության ինքնաթիռների։
Այս փոխանցմանը զուգահեռ Շվեդիան նախատեսում է բանակցություններ սկսել ավելի նոր՝ Gripen E մոդելի վաճառքի շուրջ։ Նախնական տվյալներով՝ այս գործարքը կարող է ֆինանսավորվել Եվրամիության վարկերի կամ շվեդական արտահանման վարկային գծերի միջոցով։ Gripen կործանիչների առանձնահատկությունը դրանց հարմարվողականությունն է՝ հնարավորություն տալով գործել ոչ միայն խոշոր, այլև ոչ ստանդարտ թռիչքուղիներից, ինչը կենսական նշանակություն ունի Ուկրաինայի համար։

