fbpx
Զինված Ուժեր
21:45 21/11/2019

ԱՄՆ դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան, ՆԳ տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելը, երկկողմ պաշտպանական համագործակցության սպա, մայոր Չադ Մուրոն, Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Բրենտ Անդերսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական ուսումնական ծրագրերի համակարգող Անահիտ Հովհաննիսյանը:

ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը հյուրերին ներկայացրել է ՊԱՀՀ-ի կրթական և հետազոտական գործունեությունը, ՊԱՀՀ-ում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի էությունն ու նպատակը:

Գեներալ-մայոր Տավարածյանը տեղեկացրել է, որ ՊԱՀՀ-ում մշակվում և հաջորդ տարի իրականացվելու է միջգերատեսչական վերապատրաստման դասընթաց, օպերատիվ օղակի մասնագետների համար նախատեսված առանձին դասընթաց, ինչպես նաև մագիստրոսական կրթական ծրագիր, իսկ հեռանկարում՝ նաև հետբուհական կրթության կազմակերպում (ասպիրանտներ և հայցորդներ): Նախատեսվում է նաև ձևավորել ՀՀ ԲՈԿ-ին առընթեր ՊԱՀՀ-ի Մասնագիտական խորհուրդ, որի շրջանակներում թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ կպաշտպանվեն ռազմական գիտության, ռազմական ռազմավարության, ազգային անվտանգության բնագավառների թեմաներով:

Դեսպան Թրեյսին բարձր է գնահատել ռազմական մասնագիտական կրթության բնագավառում ՊԱՀՀ-ի իրականացրած մեծածավալ աշխատանքը, կարևորել է հայ-ամերիկյան համագործակցային հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը, այդ թվում՝ նշված բնագավառում: ՊԱՀՀ-ի պատվավոր հյուրերի գրառումների մատյանում դեսպան Թրեյսին նշել է իր բարձր գնահատանքը ՊԱՀՀ-ի արդյունավետ գործունեության վերաբերյալ:

Դեսպան Լին Թրեյսին հանդիպել է նաև ՊԱՀՀ-ի դասընթացի ուսումնառողներին, պատասխանել նրանց հարցերին: Հանդիպման ընթացքում Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Բ. Անդերսը շարունակել է ՊԱՀՀ-ում իր եռօրյա դասախոսությունը ԱՄՆ սերժանտական համակարգի վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ