fbpx
Աշխարհ

ԱՄՆ ֆիննախարարը նոր պատժամիջոցներով սպառնացել է Թուրքիային

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե նա չդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում: Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը:

Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի իր պաշտոնակից Սերջո Մատարելայի հետ հոկտեմբերի 16-ին Սպիտակ տանն անցկացված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ ավերիչ պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի նկատմամբ, եթե ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը համաձայնության չհասնի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում կայանալիք հանդիպմանը:

Հոկտեմբերի 16-ին Էրդողանը Sky News հեռուստաալիքի լրագրողին հայտարարել էր, որ մտադիր չէ շփվել Փենսի հետ, քանի որ պատրաստ է երկխոսություն վարել միայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դրանից հետո Փենսի ներկայացուցիչ Քեթի Ուոլդմանը հայտարարել էր, որ փոխնախագահը, այդուամենայնիվ, այցով կուղևորվի Թուրքիա:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Էրդողանն, այնուամենայնիվ, հանդիպում կունենա ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի հետ: Էրդողանը նաև պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որը Թուրքիա է ուղևորվում Փենսի հետ միասին:

Հոկտեմբերի 14-ին նախագահ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը Պետդեպարտամենտին և ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար:

Այդ հրամանագրի հիման վրա Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի ազգային պաշտպանության և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության, այդ գերատեսչությունների ղեկավարներ Հուլուսի Աքարի և Ֆաթիհ Դոմնեզի, ինչպես նաև ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դեմ:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում հայտարարել են, որ պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի կառավարության պաշտոնյաների, ինչպես նաև պետական կորպորացիաների դեմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ