Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Հենրի Թհերիաուլթը իր դասախոսության ընթացքում կհրապարակի Ռաֆայել Լեմկինի հոդվածների շարքը, որը կներկայացնի փետրվարի 27-ի Capitol Hill-ում կազմակերպված` ցեղասպանությունը որպես հանցագործության տեսակ կանխարգելելու և պատժելու վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
Լեմկինի հոդվածաշարը հրատարակվել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նվիրաբերության և Արամյան ընտանիքի մեծահոգության շնորհիվ: ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանի խոսքով` պրոֆեսորի դասախոսության թեման մեր ժամանակների առանցքային մարտահրավերն է, այն է`ցեղասպանության պատժումն ու կանխարգելումը:
Բանախոսին կներկայացնի Կոնգրեսի հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը, որը, ի թիվս այլ կոնգրեսականների, մշակել ու Ներկայացուցիչների պալատի ընդունմանն է ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևերի նախագծեր:
Հիշեցնենք, որ իրավաբան Ռաֆայել Լեմկինն առաջինն էր, որ շրջանառության մեջ դրեց «ցեղասպանություն» տերմինը` Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հիման վրա: Նա էական ներդրում է ունեցել 1948-ին ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայի ընդունման գործում: