fbpx
Աշխարհ

ԱՄՆ կոնգրեսականը խոստացել է քայլեր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ ագրեսիայի համար

Լաչինի միջանցքի շրջափակման շարունակման դեպքում հումանիտար աղետի վտանգ կարող է առաջանալ: ԱՄՆ Կոնգրեսում նման մտահոգություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը, որն օրերս հեռախոսազրույցի ընթացքում Հայ դատի Արցախի գրասենյակի ներկայացուցիչ Գևորգ Իսկաջյանից տեղեկացել է տեղում տիրող իրավիճակի մասին:

«Շուրջ 120 հազար հայեր զրկվել են սննդի, վառելիքի և դեղորայքի հասանելիությունից: Տարածաշրջանը ձմռան պայմաններում մնացել է նաև առանց ջեռուցման և էլեկտրական հոսանքի: Եթե սա շարունակվի, ապա հումանիտար աղետ կարող է առաջանալ: Մենք պետք է հստակ դարձնենք Ադրբեջանի համար, որ հայ ժողովրդին ուժով իրենց կամքը պարտադրելն անընդունելի է: Եվ ես վարչակազմին կոչ եմ անում համոզվել, որ Արցախի ժողովրդին օգնություն պետք է հասնի», – ասել է կոնգրեսական Սանչեսը:

Նա նաև ընդգծել է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:

«Այսօր իմ մտքերը նրանց հետ են, ովքեր տառապում են այս անմարդկային պայմաններում և վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ այնպես անելու, որ Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ ագրեսիայի համար», – եզրափակել է Լինդա Սանչեսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ