ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժել է Իսրայելին 17,6 մլրդ դոլարի օգնություն հատկացնելու օրինագիծը, որը հաշվի չի առել ներքին ու արտաքին քաղաքականության այլ հարցեր, հիմնականում՝ Ուկրաինային տրամադրվող օգնությունը։
Փաստաթղթին աջակցել է Կոնգրեսի ստորին պալատի 250 անդամ, իսկ 180 օրենսդիր դեմ է արտահայտվել դրան։ Նախաձեռնությունն ընդունելու համար անհրաժեշտ էր հավաքել ձայների երկու երրորդը։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Մայք Ջոնսոնի առաջարկած օրինագծին դեմ են քվեարկել 166 դեմոկրատներ և 14 հանրապետականներ։
Դեմոկրատ օրենսդիրներից շատերն ասել են, որ իրենք դեմ են քվեարկել օրինագծին քաղաքական նկատառումներով, քանի որ նախաձեռնությունը ներառում էր աջակցություն միայն Իսրայելին, բայց բացառում էր օգնությունն Ուկրաինային, մարդասիրական օգնությունը Գազային և աջակցությունը Թայվանին:
Առաջադեմ թևին մոտ կանգնած օրենսդիրները, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի միակ պաղեստինցի պատգամավոր Ռաշիդա Թլայբը և մեկ այլ մուսուլման օրենսդիր Իլհան Օմարը, օրինագծին ընդդիմանալու որոշումը վերագրել են «միջազգային իրավունքի լուրջ խախտումներին, որոնք առաջացել են Գազայի վրա Իսրայելի հարձակումներից»:
Դեմոկրատները երկար ժամանակ ջանքեր են գործադրում Ուկրաինային և Իսրայելին տրամադրվող ռազմական օգնությանը և ԱՄՆ-Մեքսիկա սահմանային անվտանգությանը վերաբերող կետերը միավորելու մեկ փաթեթի մեջ: Սակայն հանրապետականները հակված են տարանջատել սահմանների անվտանգության թեման և այս առումով ավելին են պահանջում Բայդենի վարչակազմից։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ վետո կդնի օրինագծի վրա, որն աջակցություն է տրամադրում Իսրայելին, սակայն չի ներառում Ուկրաինայի և սահմանների անվտանգության վերաբերյալ դրույթներ։
«Ոչ ոք չի կարող նախագահ Բայդենին մեղադրել հակաիսրայելական լինելու մեջ, բայց եթե մենք ընդունենք այս օրինագիծը (որը միայն աջակցություն է տրամադրում Իսրայելին), մնացած ամեն ինչ աղբ կդառնա»,- քվեարկությունից հետո լրագրողներին ասել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էմանուել Քլիվերը։

