fbpx
Աշխարհ

ԱՄՆ Միսիսպի նահանգում հորդառատ անձրևերի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Ամերիկյան Միսիսիպի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել։ Պատճառը հորդառատ անձրևներն են: Նահանգի մայրաքաղաք Ջեքսոն քաղաքում մի շարք շրջաններ հեղեղվել են, Փերլ գետը դուրս է եկել ափերից, ջրի մակարդակը գետում գերազանցել է 11 մետրը և շարունակում է բարձրանալ:

Ինչպես հաղորդում է Ջեքսոնի օդերևութաբանական ծառայությունը, վերջին անգամ գետում ջրի մակարդակը այսչափ բարձրացել էր 1983 թվականի հորդառատ անձրևների ժամանակ: Նահանգի իշխանությունները նշել են, որ գետի վարարումը լուրջ վտանգ է: Նահանգապետ Թեյթ Ռիվզը արտակարգ դրություն է հայտարարել:

Բացվել են նաև գետի հեղեղատար համակարգերը, ինչը հանգեցրել է ջրի լրացուցիչ ներհոսքի դեպի քաղաք:

«Սա պատմական, աննախադեպ ջրհեղեղ է: Կանխատեսվում է, որ այն կարող է դառնալ մեր նահանգի երրորդ ամենավատ ջրհեղեղը: Ես արտակարգ դրություն եմ հայտարարել, որպեսզի գործի դնենք բոլոր ռեսուրսներն ու օգնենք Միսիսիպիի տուժած բնակիչներին»,-հայտարարել է Ռիվզը:

Ջեքսոնի մի քանի թաղամասերում իշխանությունները պարտադիր տարհանում են հայտարարել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ