fbpx
Աշխարհ

14:20 14/8/2019

ԱՄՆ-ն 2-րդ զինվորական պատվիրակությունն է ուղարկելու Թուրքիա

Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցով առաջիկայում ԱՄՆ-ից ևս մեկ պատվիրակություն կմեկնի Թուրքիա։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակներից մայոր Շոն Ռոբերթսոնը, տեղեկացնում է Ermenihaber-ը։

«Թուրքիայում գտնվող զինվորականները ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի հետ աշխատում են։ Այդ աշխատանքներին աջակցելու նպատակով մոտ ժամանակներս Թուրքիա կմեկնին ևս մեկ զինվորական պատվիրակություն»,- ասել է մայորը։

Ամերիկացի զինվորականները Թուրքիայում քննարկելու են անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ գործողությունների կենտրոնի ստեղծման հարցը, որի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել Անկարայում կայացած եռօրյա թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքում:

Թեև թուրքական լրատվամիջոցները հայտնում էին, թե ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցի շուրջ, այնուամենայնիվ, հրապարակված հայտարարության մեջ որևէ խոսք չկար անվտանգության գոտու սահմանների, ինչպես նաև Սիրիայի քուրդ զինյալերի մասին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պահանջում է, որ անվտանգության գոտին ունենա մինչև 14կմ խորություն, իսկ Թուրքիան ցանկանում է մինև 40կմ խորություն։

Թուրքական կողմը նաև պահանջում է, որ իր կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերը դուրս գան ստեղծվելիք ավտանգության գոտուց։

Անկարան ԱՄՆ-ին նաև սպառնում է միայնակ ստեղծել այդ անվտանգության գոտին, եթե երկուստեք չհաջողվի վերջնական համաձայնության գալ։

Վերեվ