Վաշինգտոնը, խախտելով բոլոր պայմանավորվածությունները և չտեղեկացնելով Մոսկվային կամ Անկարային, ավիացիոն հարված է հասցրել Իդլիբ նահանգի Մաարեթ-Միսրին և Քաֆեր-Խայա բնակավայրերի միջև ընկած շրջանում։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին հղումով:
Աղբյուրը մանրամասնում է, որ օգոստոսի 31-ի առավոտյան 6-ից Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ սիրիական բանակը միակողմանիորեն հայտարարել է դեէսկալացիայի գոտում հրադադարի մասին, ինչի մասին տեղեկացրել է հակամարտության բոլոր կողմերի ներկայացուցիչներին: Ենթադրվում էր, որ զինադադարը թույլ կտա խաղաղ քաղաքացիներին լքել Իդլիբը մարդասիրական միջանցքով:
Մեկ օրում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի և Սիրիայի ռազմաօդային ուժերի մարտական ավիացիան դադարեցրել է Իդլիբի ուղղությամբ թռիչքները, մինչդեռ ինչպես տեղեկացնում է կենտրոնը, կիրակի ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել բնակավայրերին, որոնց արդյունքում բազմաթիվ զոհեր կան:
Ամերիկյան կողմը ավելի ուշ հայտարարել է, որ հարվածի ժամանակ ոչնչացվել է «Սիրիայում «Ալ-Քաիդա» խմբավորման կառավարման կետը», որը սպառնում էր ԱՄՆ-ի քաղաքացիների անվտանգությանը:
«ԱՄՆ-ն իր գործողություններով սպառնալիքի տակ է դրել հրադադարի ռեժիմի հետագա պահպանումը Իդլիբի դեէսկալացիայի գոտում»,-հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և հավելել, որ չնայած զինված խմբավորումների կողմից ամերիկյան հարվածի հետևանքով առաջացած գնդակոծություններին, սիրիական զորքերը պահպանում են մարտական գործողություններ վարելու մորատորիումը:
Ավելի ուշ հաղորդվել էր բազմաթիվ զոհերի մասին, որոնց հստակ թիվը դեռևս հայտնի չէ:
