ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելի Քրաֆթը նամակ է ուղարկել կազմակերպության Անվտանգության խորհուրդ՝ տեղեկացնելով, որ Վաշինգտոնը պատրաստ է բանակցել Թեհրանի հետ առանց նախապայմանների, որի նպատակը տարածաշրջանում լարվածության թուլացումն է։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Ըստ Քրաֆթի՝ ԱՄՆ-ն փորձում է թույլ չտալ միջազգային խաղաղության և կայունության հետագա սպառնալիք կամ թեժացում Իրանի ռեժիմի կողմից։
Բացի դրանից՝ մշտական ներկայացուցիչը գրել է, որ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը արդարացված է ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածով, որը պետությանն ինքնապաշտպանության իրավունք է տալիս։
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ ավիահարվածները իրաքյան «Ալ Հաշդ աշ Շաաբ» շիական աշխարհազորին 2019 թվականի դեկտեմբերի 29-ին հասցվել են ի պատասխան Իրանի և նրա աջակցությունը վայելող կազմավորումների կողմից ամերիկյան ուժերի և Մերձավոր Արևելքում նրա շահերի դեմ հարձակումների։