ԱՄՆ Սաութ Բենդ քաղաքի նախկին քաղաքագլուխ Փիթ Բութեջաչը, Մինեսոտայից սենատոր Էմի Քլոբուշարը և Տեխասից կոնգրեսական Բեթո Օ’Ռուրքը, որոնք դադարեցրել են 2020-ի՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի առաջադրման պայքարը, իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի նախընտրական արշավը: Համապատասխան հայտարարություններով նրանք հանդես են եկել Տեքսասում Բայդենի պաշտպանության հանրահավաքում: Նրանց խոսքը փոխանցում է CNN հեռուստաընկերությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նախընտրական արշավից Բութեջաչի դուրս գալը շահավետ է Բայդենի համար և կհանգեցնի Սանդերսի պարտության:
«Նրա բոլոր ձայները «գերերեքշաբթի օրը» կանցնեն քնկոտ Ջո Բայդենին: Շատ հարմար ժամանակ է: Դա իրոք այն բանի սկիզբն է, որ դեմոկրատները Բեռնիին կհանեն խաղից»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Այսպես կոչված գերերեքշաբթին կմեկնարկի մարտի 3-ին, երբ պատվիրակների ընտրությունները, որոնք դեմոկրատների առաջիկա ազգային համագումարում կպաշտպանեն կուսակցությունից նախագահի թեկնածուի առաջադրման համար այս կամ այն հավակնորդին, կկայանան 14 նահանգներում և ԱՄՆ-ի մեկ անդրծովյան տարածքում՝ Ամերիկյան Սամոայում։