Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերահաստատել է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում Վրաստանի և Ուկրաինայի համար՝ նկատի ունենալով 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը, որ երկու երկրներն ի վերջո կդառնան Դաշինքի անդամ։
«Եթե նրանք շարունակեն ձգտել անդամակցության և բավարարել պահանջները, գործընթացը կշարժվի առաջ»,- ասել է նա դեկտեմբերի 12-ին NBC News-ին, հայտնում է Civil Georgia-ն։
Մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Մոսկվան պնդել է, որ Դաշինքը «պաշտոնապես մերժում է» Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը:
Քննարկելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Կրեմլի բողոքները՝ կապված Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ավելացման հետ, պետքարտուղար Բլինքենը նշել է. «Այն, որ նախագահ Պուտինը ասում է, թե ցանկանում է կանխել ամենը, իրականում սադրում է իր գործողություններով»:
Նա նշել է, որ չկար հասարակական մեծ աջակցություն Ուկրաինայի՝ անմիջապես ՆԱՏՕ-ին միանալու հարցում, բայց դա փոխվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա և միացրեց Ղրիմը՝ 2014 թվականին։
«Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն ստիպված է ավելի լավ պաշտպանել իրեն։ Ուժերն ավեի լավ պատրաստված կլինեն՝ Ռուսաստանին մոտ գտնվելով»,- ասել է նա։
Անդրադառնալով Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակմանը և ռուսական ռազմական ագրեսիայի հետ կապված մտավախություններին՝ պետքարտուղար Բլինքենն առաջարկել է դեէսկալացիա և դիվանագիտություն՝ որպես «շատ ավելի լավ ճանապարհ՝ առաջ շարժվելու համար»: