fbpx
Քաղաքականություն

ԱՄՆ Սենատին ևս կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո ազդեցիկ սենատորները հորդորում են, որ նույն բանաձևն ընդունվի նաև Սենատում։ Այս մասին գրում է Asbarez.com-ը:

Սենատի Ազգային փոքրամասնությունների ղեկավար Չաք Շումերը կոչ է արել Սենատում քննարկել և ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Նա նշել է, որ ինքը վաղուց էր հավատում, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել:

«Թուրքերը չեն ցանկանում դա լսել, քանի որ ճշմարտությունը լսելը ծանր է: Եթե մենք դեմ չկանգնենք մի ցեղասպանությանը, մենք չենք կարող դիմագրավել ոչ մեկին»,-ասել է Շումերը լրագրողներին:

Մասաչուսեթսից դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը Twitter-ի իր էջում գրել է, որ միանում է Ամերիկայի և ողջ Սփյուռքի հայկական համայնքին և նրանց հետ տոնում է Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը:

«Ես հովանավորել եմ 150-րդ բանաձևի ներկայացումը Սենատ: Սենատը պետք է ընդունի այն»,-գրել է նա։

Մերիլենդից սենատոր Քրիս Վան Հոլլենը ևս կոչ է արել ընդունել 150-րդ բանաձևը՝ ընդգծելով, որ Ներկայացուցիչների պալատի մեծ քվեարկությունը երկար սպասված էր:

«Ժամանակն է, որ Սենատը նույնն անի: Ընդունելով պատմական փաստերը՝ այն չկրկնելու կարևոր քայլ է»,-նշել է սենատորը։

150-րդ բանաձևը 20 հովանավոր ունի: Շումերից ու Վան Հոլլենից բացի՝ բանաձևի հովանավորների թվում են սենատորներ Թամմի Դաքուորթը, Դայան Ֆայնսթայնը, Քորի Գարդները, Էդվարդ Մարքին, Գարի Փիթերզը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ։

Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը, 3-ը մնացել են ձեռնպահ, իսկ 13 հոգի չի քվեարկել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ