fbpx
Աշխարհ

ԱՄՆ սենատորները առաջարկում են անհատական պատժամիջոցներ սահմանել Էրդողանի դեմ

Վաշինգտոնը պետք է անհատական պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ՝ Սիրիայում ռազմական գործողություն սկսելու պատճառով: Նման առաջարկով բանաձևի նախագիծը ԱՄՆ Սենատի անդամ, հանրապետական Լինդսի Գրեհեմը հրապարակել է Twitter-ում: Նրան այդ նախաձեռնության հարցում աջակցել է դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը:

Էրդողանից բացի՝ սենատորներն առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի փոխնախագահի և արտաքին գործերի, ազգային պաշտպանության, ֆինանսների և գանձապետարանի, առևտրի, ինչպես նաև էներգետիկայի նախարարների նկատմամբ:

Բանաձևի նախագիծը ենթադրում է ԱՄՆ տարածքում այդ անձանց ակտիվների սառեցում, Թուրքիայի ղեկավարության նկատմամբ վիզային սահմանափակումների սահմանում, թուրքական բանակին ամերիկյան սպառազինության վաճառքի արգելք և այլն:

Գրեհեմն աջակցություն է ակնկալել երկու կուսակցությունների ներկայացուցիչներից։ Նրա խոսքով՝ կոնգրեսականների մեծ մասը կարծում է, որ «ճիշտ չի լինի լքել քրդերին, որոնք ցույց են տվել, որ ուժեղ դաշնակից են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում»:

Սենատորը նաև նշել է, որ նախագահի վարչակազմը հրաժարվում է գործել:

Մինչդեռ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի գործողությունների ծրագիրը «վատ գաղափար» էր անվանել և ընդգծել, որ չի աջակցում նրանց: Իր հերթին, պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծել էր, որ Վաշինգտոնը Թուրքիայի առաջ «կանաչ լույս» չի վառել Սիրիայում նրա գործողությունների համար:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիայ է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Ըստ տեղեկությունների՝ հրթիռակոծվում են նաև մի շարք հայաշատ բնակավայրեր․ նախատեսվում է նրանց տարհանումը։

Նշենք, որ այս ամենի մեջ ԱՄՆ-ն լվացել է ձեռքերը։ Թրամփի խոսքով՝ իրենք չեն օգնում քրդերին, քանի որ վերջիններս էլ չեն օգնել իրենց Երկրորդ աշխարահամարտին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ