Աշխարհ

ԱՄՆ-ում էլեկտրոնային ծխախոտ արտադրող ամենախոշոր ընկերությանը դատի են տվել

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի գլխավոր դատախազ Խավիեր Բեսերան և Լոս Անջելես շրջանի իշխանությունները երկուշաբթի դատական հայց են ներկայացրել Juul Labs ընկերության դեմ, որը ԱՄՆ-ում էլեկտրոնային ծխախոտի խոշորագույն արտադրողն է: Այս մասին նշված է գլխավոր դատախազի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Փաստաթղթում ընդգծվում է, թե չնայած ընկերության այն հայտարարություններին, որ իր արտադրանքը նախատեսված է միայն մեծահասակների համար, Juul-ն իր գովազդը թիրախավորում է անչափահասների ուղղությամբ:

Դրանից բացի, ըստ հայցվորների, բավարար ուշադրություն չի դարձնում այն նախազգուշացումներին, թե օրգանիզմին ինչպիսի վնաս կարող է հասցնել իր արտադրանքի գործածումը: Հայտարարության մեջ նշվում է, որը խոսքը քաղցկեղային հիվանդությունների զարգացման վտանգի, զարգացման արատներին վերաբերող ռիսկերի, ինչպես նաև մարդու վերարտադրողական համակարգի համար հնարավոր վնասի մասին է:

Հայցում ընդգծվում է, որ Juul-ը պատշաճ կերպով չի ստուգել էլեկտրոնային ծխախոտ գնողների տարիքը, ինչպես նաև անչափահասներին է ուղարկել գովազդային բնույթի նյութեր: Հայցվորները պահանջում են, որ ընկերությունը խախտումները դադարեցնի և տուգանք վճարի, որի չափն առայժմ որոշված չէ:

Juul-ի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որում նշված է, որ իր արտադրանքի թիրախային լսարանը մեծահասակներն են: Ընկերությունից ընդգծել են, որ իրենք չեն փորձում իրենց արտադրանքն իրացնել անչափահասների շրջանում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ