Նախորդ գիշեր Հայաստան է ժամանել Ամերիկայի միացյալ նահանգների Խաղաղության կորպուսի կամավորների 37 հոգուց բաղկացած նոր խումբը:
Հայաստան ժամանած բոլոր կամավորները ԱՄՆ քաղաքացիներ են, որոնք որոշել են իրենց կյանքի երկու տարիներն անցկացնել Հայաստանում և ծառայել հայ ժողովրդին: Կամավորները կապրեն Հայաստանի տարբեր մարզերի գյուղերում և քաղաքներում, կդասավանդեն անգլերեն տեղի դպրոցների հայ ուսուցիչների հետ միասին և կաշխատեն հասարակական կազմակերպություններում:
Մինչ Հայաստան ժամանելը կամավորները հասցրել են սովորել հայոց այբուբենը և հաղորդակցվելու համար անհրաժեշտ որոշ տարրական բառեր և արտահայտություններ: Հայաստանում գտնվելու առաջին երեք ամիսների ընթացքում կամավորները կշարունակեն սովորել հայոց լեզուն և մշակույթը, որից հետո՝ մայիսի 31-ին, տեղի կունենա կամավորների հանդիսավոր երդման արարողությունը, և կսկսվի նրանց ծառայությունը Հայաստանի բոլոր մարզերում:
Կամավորները ապրում են հայ ընտանիքների հետ առնվազն վեց ամիս և իրենց ծառայության ընթացքում չեն ստանում աշխատավարձ: Որոշ կամավորներ ապրում են հայ ընտանիքների հետ իրենց ծառայության ողջ ընթացքում:
