fbpx
Քաղաքականություն

ԱՄՆ և Հայաստանը ուժեղացնում են համագործակցությունը կենսահաբեկչության հետաքննության ոլորտում

ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալությունը ս․թ․-ի հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 1-ն անցկացրեց Կենսահաբեկչության համատեղ հետաքննության միջազգային հնգօրյա սեմինար։

Սեմինարին մասնակցեցին հանրային առողջապահության, անասնաբուժության և իրավապահ ոլորտների միջին օղակի 24 պաշտոնյաներ տարբեր գերատեսչություններից՝ ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից և ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ինչպես պայքարել կենսահաբեկչության դեմ, հայտնաբերել և մեղմացնել կենսաբանական ռիսկերը և սպառնալիքները, հետաքննել և կասեցնել զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) ապօրինի շրջանառությունը։ Իրականացվեցին համատեղ վարժանքներ, որոնք հիմնված էին կենսաբանական գործոնով պայմանավորված դեպքերի և սցենարների ուսումնասիրության վրա։ Սեմինարի ընթացքում նաև ներկայացվեց կենսահաբեկչության կիրառումը տարբեր ոլորտներում, օրինակ՝ գյուղատնտեսության և սննդամթերքի արդյունաբերության, և կենսահաբեկչության առնչությունը ԶՈԶ-ի տարածման հետ։ Սեմինարը ստեղծեց գերատեսչությունների միջև կենսաբանական սպառնալիքների կառավարման փորձով և մեթոդներով փոխանակվելու լավ հնարավորություն։

Բարելավելով Հայաստանի՝ միջուկային, կենսաբանական և քիմիական զենքով պայմանավորված միջադեպերը կանխելու, հայտնաբերելու, կասեցնելու և հետաքննելու հնարավորությունները, և համապատասխան ոլորտներում պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելով՝ տվյալ սեմինարը ծառայում է Հայաստանում ԶՈԶ-ի հետաքննության կարողությունների զարգացման և կենսաբանական հսկողության ցանցի բարելավման ավելի մեծ նպատակին։

Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ