fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանին՝ չսրել Ուկրաինայի հետ հակամարտությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ստոկհոլմում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ փորձելով թուլացնել լարվածությունը, որն առաջացել է Ուկրաինայի սահմանների մոտ մեծ թվով ռուսական զորքերի կենտրոնացման հետևանքով:

Ըստ BBC-ի տվյալների՝ հանդիպման ժամանակ նրանք կոշտ հայտարարություններ են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Արևմտյան երկրները կարծում են, որ Մոսկվան զորքեր է կուտակում ուկրաինական սահմանների մոտ և պատրաստվում է հավանական ներխուժման: Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, որ թույլ չեն տա ՆԱՏՕ-ին ավելի ընդլայնվել դեպի արևելք, և Կիևին մեղադրում են Դոնբասում հակամարտությունն ուժով լուծելու մտադրության համար։

Բլինքենը Սերգեյ Լավրովին զգուշացրել է, որ Ռուսաստանին լուրջ պատժամիջոցներ են սպասվում, եթե Ուկրաինայի հետ հակամարտությունը սրվի։ Արևմուտքը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է ռազմական գործողություններ սկսել Դոնբասում իր քաղաքացիներին պաշտպանելու պատրվակով, որտեղ վերջին տարիներին կես միլիոն բնակիչ ռուսական անձնագիր է ստացել։

«Ռազմական առճակատման մղձավանջային սցենարը վերադառնում է: Ուկրաինան ռազմականացվում է, Դաշինքի ռազմական ենթակառուցվածքը անպատասխանատու կերպով մոտեցվում է Ռուսաստանի սահմաններին, Ռումինիայում և Լեհաստանում տեղակայվել են հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանին հարվածելու համար։ Միջին հեռահարության ամերիկյան հրթիռները շուտով կհայտնվեն Եվրոպայում»,- Լավրովի խոսքերը մեջբերում է ТАСС-ը:

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը հակամարտություններ չի ցանկանում, սակայն ձգտում է երաշխիքներ ստանալ Արևմուտքից, որ կկանխվի ՆԱՏՕ-ի հետագա առաջխաղացումը դեպի արևելք։ Բրյուսելն անընդունելի է համարում նման համաձայնագրի կնքումը, որն ըստ էության ազդեցության ոլորտների բաժանում է։

«Բայց եթե ՆԱՏՕ-ի մեր գործընկերները հայտարարում են, որ ոչ ոք իրավունք չունի թելադրել ՆԱՏՕ-ին միանալ ցանկացող երկրին, մենք մեջբերում ենք միջազգային իրավունքի այն դրույթները, որոնք ասում են, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ընտրելու, թե ինչպես ապահովել իր օրինական շահերն անվտանգության ոլորտում»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ