fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն Huawei-ի նկատմամբ համաներում է հայտարարել

Օսակայում G20-ի գագաթնաժողովի ընթացքում ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո Huawei-ի պատժամիջոցները ժամանակավորապես կասեցնելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը վերաբերում է ամերիկյան ընկերություններին այդ չինական կազմակերպության բոլոր տեսակի ապրանքները մատակարարելուն, սակայն նշվում է, որ այն վերջնական համաներում չէ: Այդ մասին կիրակի հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Քուդլոուն Fox News հեռուստաալիքի եթերում:

Նրան խնդրել են մեկնաբանել Ֆլորիդա նահանգի սենատոր Մարկո Ռուբիոյի և մի խումբ ուրիշ հանրապետականների՝ դեմոկրատների հետ միասին Huawei-ի դեմ պատժամիջոցները վերականգնելու վճռականության մասին հայտարարությունը: «Ես գնահատում եմ նրանց մտահոգությունը ԱՄՆ-ի ազգային անվտանգության վերաբերյալ, նախագահը կիսում է այդ տեսակետը: Սակայն դա Huawei-ի համար համընդհանուր համաներում չէ»,-նշել է Քուդլոուն:

«ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը ժամանակավորապես կներկայացնի մի շարք հավելյալ արտոնագրեր ընդհանուր նշանակության ապրանքներ մատակարարելու համար: Օրինակ՝ ԱՄՆ-ում միկրոպրոցեսորների որոշ արտադրողներ վաճառում են այնպիսի կատեգորիայի ապրանքներ, որոնք հասանելի են ուրիշ երկրներում առանց սահմանափակումների: Մենք չենք գտնում, որ այդ դեպքերը առնչվում են ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը»,-հավաստիացրել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավարը:

Չինաստանի նախագահ Սի Ծինփիսի հետ բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ կտա չինական Huawei ընկերությանը ձեռքբերել ամերիկյան ապրանքներ: Թրամփը նշել է, որ Սի Ծինփինի հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է ազգային անվտանգությունն ապահովելու խնդիրը, և խոստացել, որ սև ցուցակից Huawei-ին հեռացնելու հարցը կքննարկվի առաջիկա օրերին:

Մայիսի 15-ին Ամերիկայի առաջնորդը ստորագրել է հրամանագիր, որով սահմանել է արտակարգ դրության ռեժիմ արտաքին սպառնալիքներից ԱՄՆ-ի տեղեկատվական-հաղորդակցական ենթակառուցվածքը պաշտպանելու համար: Արդյունքում մայիսի 17-ին ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը ներառել էր Huawei-ին սև ցուցակում ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքի պատճառով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ