fbpx
Կրթություն

Ամփոփվել են առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքները

Մարտի 25-ին Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած՝ Կապանի և Քաջարանի տարածաշրջանների աշակերտներին Սյունիքի մարզպետի դիպլոմներ հանձնվեցին:

Մինչ այդ արարողությունը Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն ամփոփեց մարզային փուլի արդյունքները:

Օլիմպիադաներն անց են կացվել հանրակրթական 16 առարկայից. մեր մարզում օլիմպիադաների տարածքային փուլին մասնակցել է 6407 աշակերտ, մարզային փուլին՝ 753աշակերտ:

Մարզային փուլում ամենամեծ ակտիվությունը եղել է աշխարհագրությունից (122 աշակերտ), մաթեմատիկայից՝ (67 աշակերտ), նախնական զինվորական պատրաստությունից՝ (60 աշակերտ):

Մարզային փուլում մրցանակակիր է դարձել 188 հոգի. Կապանից (Քաջարանի հետ միասին)՝ 80, Գորիսից՝ 46, Սիսիանից՝ 45, Մեղրիից՝ 17 աշակետ:

Վարչության պետը նշեց, որ արդյունքները գոհացուցիչ չեն աստղագիտություն և ինֆորմատիկա առարկաներից:

Տարածքային փուլում աստղագիտության օլիմպիադային մասնակցել է 5, ինֆորմատիկայից՝ 60 աշակերտ, մարզային փուլում աստղագիտությունից մասնակցել է 2 հոգի, ինֆորմատիկայից՝ ոչ մեկը: Հանրապետական փուլում այս 2 առարկայից մարզը մասնակից աշակերտ չունի:

Սյունիքի 117 դպրոցից մարզային փուլում մրցանակակիր աշակերտներ ունի 36 դպրոց, իսկ հանրապետական փուլին 25 դպրոցի 123 աշակերտ է մասնակցելու. Կապանից (Քաջարանի հետ միասին)՝ 54, Գորիսից՝ 33, Սիսիանից՝ 24, Մեղրիից՝ 12 աշակերտ:

Ի դեպ, երեկվա ամփոփման ժամանակ կապանցի վաստակաշատ մանկավարժ, մաթեմատիկայից մի շարք մասնագիտական գրքերի հեղինակ Գարեգին Միքայելյանը Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Եվա Ստեփանյանին իր անվան դրամական պարգև ($500) հանձնեց՝ մաթեմատիկայի օլիմպիադայում ցուցաբերած յուրահատուկ մոտեցման համար:

Մարտի 22-ից մեկնարկել և մինչև մայիս կշարունակվի առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը. սյունեցի աշակերտների մայրաքաղաք մեկնելու ճանապարհածախսը հոգում է Սյունիքի մարզպետարանը՝ «Սյունիքի զարգացման և ներդրման» հիմնադրամի միջոցներով:

Մարզի մյուս տարածաշրջաններում ևս մարզպետարանի աշխատակիցները տեղերում կհանձնեն դիպլոմները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ