fbpx
Էկո

Ամուլսարի հանքը չշահագործելը կդիտարկվի որպես խտրական մոտեցում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ առնվազն այս պահի դրությամբ Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմք չկա։

«Միևնույն ժամանակ, մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները։ Սակայն, մյուս կողմից մենք չենք կարող հաշվի չնստել նաև ՀՀ տնտեսական հանրության անհանգստությունների հետ։

Վերջերս «Մուդիս» ընկերությունը բարձրացրել է ՀՀ վարկանիշը։ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակում մենք ունենք որոշակի ազդակներ, որոնք վկայում են՝ եթե մենք այս իրավիճակը ճիշտ չկառավարենք, ապա դա կարող է հանգեցնել Հայաստանի վարկանիշի վատթարացմանը, ինչի հետևանքները մենք բոլորս կարող ենք զգալ մեր կողմից ստացվող վարկերի, այսինքն՝ փողի արժեքի համատեքստում»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ եթե ՀՀ կառավարությունն արգելի Ամուլսարի հանքի շահագործումը, ապա դա կարող է դիտարկվել որպես խտրական մոտեցում։

«Եթե ուղղակի չենք թույլ տալիս շահագործվի, ապա պետք է նշենք, թե ինչու ենք թույլ տալիս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Թեղուտի հանքերը շահագործվեն։ Արդյոք դրանք գործո՞ւմ են բնապահպանական բոլոր ստանդարտներին համաձայն։ Մենք կարող ենք ունենալ միջազգայնորեն շատ լուրջ խնդիր՝ խտրական մոտեցումներ ցուցաբերելու համատեքստում»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ չի կարելի արհամարհել մեր երկրի տնտեսության և արտաքին անվտանգության հետ կապված խնդիրները, որոնք նույնպես որոշակի կարևորություն ունեն այս հարցը քննարկելիս։

Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի բնակիչներին հորդորել է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ