Էկո

Ամուլսարի շահագործումը Ձեր վարած քաղաքականությանն ու խոստումներին դեմ է․ բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ Վարչապետին

Հարգելի՛ պարոն Փաշինյան, նոր ՇՄԱԳ փորձաքննական եզրակացություն (նախորդի ժամկետը լրացել է-խմբ․) չտալով Լիդիանին՝ ամեն ինչ կլինի օրենքով, ու ոչ մի արբիտրաժի, ոչ մի վարկանիշի խնդիր չի առաջանա, իսկ դա հիմնավոր է, քանզի Լիդիանը չի կարող անցնել իրական, իսկական ՇՄԱԳ առանց կոռուպցիայի ու կաշառքի։ Բացառված է, որ որևէ կերպ Ամուլսարը բացվի ու շահագործվի՝ ապահոված լինելով անվտանգությունը թե՛ շրջակա միջավայրի, թե՛ բնակչության, թե՛ տնտեսության համար։

Տնտեսության առումով. մենք պետք է ոչ թե հանքահումքային երկիր մնանք, այլ զարգանանք ու դառնանք տեխնոլոգիական երկիր, ինչի մասին տարուց ավել է կոկորդ եք պատռել։ Դրա հետևանքով կորցնելու ենք նաև տուրիստական մի մեծ շրջան։ Դա Ձեր վարած քաղաքականությանն ու խոստումներին դեմ է։

Մարդկանց առումով․ ոտնահարված են մարդկանց իրավունքները։ Ժամանակին նրանք հույս էլ չեն ունեցել, որ կարող են դեմն առնել, սակայն հենց անցած տարվա՝ Ձեր կողմից գլխավորած իրադարձությունները թև ու թիկունք են տվել նրանց, որ հիմա կանգնած են իրենց սարի պաշտպանության համար։

Մարդիկ նաև առողջական պրոբլեմների առաջ են հայտնվելու՝ ծնելիության անկում, քաղցկեղ և այլ ծանր հիվանդություններ, որ տարածված են այն շրջաններում, որտեղ բացված են նմանատիպ հանքեր, միգուցե ավելի վատ պայմաններով։

Շրջակա միջավայրի առումով․ սար ենք կորցնում՝ մի ամբողջ էկոհամակարգ։ Կորցնելու ենք Ջերմուկի ջրերը։ Սևանն ու կենդանական աշխարհն ենք վտանգելու։ Հիմա էլ չկան ոչ մի երաշխիքներ, որ կառավարելի են։
Թույլ մի՛ տվեք. սխալ է լինելու։ ՀՀ օրենսդրության խախտում եք անելու, և չի ներվելու ՀՀ քաղաքացիների կողմից։ Նույնիսկ եթե Ձեր նշած ռիսկերը՝ տնտեսության առումով, վարկանիշային առումով իրականություն դառնա, ապա վստահեցնում եմ Ձեզ, որ անհամեմատելի են այն ռիսկերի հետ, որոնք կառաջանան շահագործման պարագայում։ Չի կարելի հանքահումքային ոլորտից բխող տնտեսական ռիսկը դնել նժարի վրա մարդկանց, բնությունը ու տնտեսությունը նորարարական ճանապարհով զարգացնելու համար։

Ե՛տ կանգնեք այդ ոչ սովորական որոշումից։ Թույլ մի տվեք, որ որևէ արտաքին ռիսկ Ձեզ ճնշի։ Դուք դեմ եք գնալու Ձեր իսկ առաջադրած նպատակներին, Ձեր կողմից տարածվող գաղափարներին ու քաղաքական ծրագրերին։

Նարեկ Այվազյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ