fbpx
Մշակույթ
04:00 11/03/2020

Անատոմիական թանգարանը իր դռներն է բացում բոլոր ցանկացողների համար

Եթե մարդու անատոմիայով եք հետաքրքրված և երբևէ անցնեք Կորյունի 2 հասցեով, ապա լավ հնարավորություն ունեք այցելելու ԵՊԲՀ անատամիոկանա մասնաշենքում տեղեկայված և անվանի բժիշկ-գիտնական Վահան Արծրունու անունը կրող անատոմիական թանգարան:

Տեսակով և ցուցադրվող նմուշներով հանրապետությունում եզակի այս թանգարանը, գործում է Նորմալ անատոմիայի ամբիոնին կից: Այն 1926 թվականին հիմնադրել է հենց պրոֆեսոր Վահան Արծրունին, ով հայերենով անատոմիա դասավանդող առաջին դասախոսն էր, նորմալ անատոմիայի հայալեզու առաջին դասագրքի հեղինակը:

Այցելուների համար հայ բժշկագիտության նվիրյալի մասնագիտական գործունեությանը նվիրված հատուկ անկյուն է ներկայացված թանգարանում: Այստեղ նաև բժշկագիտության նահապետի կիսանդրին է կանգնեցված: Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան, Նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ Կարինե Բարոյանն անգիր գիտի բոլոր ցուցանմուշների տեղն ու դասավորությունը:

Նրա անմիջական հսկողությամբ է աշխատակիցների կողմից պահպանվում, խնամվում և թարմացվում յուրաքանչյուր նմուշ: Ամբիոնի սրտում տեղակայված իր չափերով ոչ շատ մեծ, բայց հարուստ այս թանգարանում այցելուների համար ներկայացված են բացառիկ ցուցանշումներ, որոնք գրավում են թե մեծ, թե փոքր այցելուներին, թե անհատների և թե խմբերի: Թանգարանի հավաքածուն գոյության պատմության մեջ երկու անգամ վերականգնվել է:

Անատոմիական թանգարանով հետաքրքրվողները ոչ միայն մայրաքաղաքից, այլև այդ թվում հեռավոր մարզերից են գալիս Երևան, հատկապես տարվա տաք ամիսներին: Եվ դա պատահական չէ, քանի որ ամբիոնի աշխատակիցների ուղեկցությամբ նրանց հետաքրքիր էքսկուրս է սպասում:

Այստեղ իրենց ուրույն տեղն ունեն մարդու՝ ֆորմալինի լուծույթում պահվող առանձին օրգանները, չափահաս մարդկանց և նորածինների կմախքները, ինչպես նաև ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից պատրաստված պատրաստուկները: Թանգարանի առանձին պահարանում ներկայացված են բնածին բազմաթիվ արատներով նորածինների դիակներ, որոնք առավել ընկալելի են դարձնում դասախոսության նյութը:

Ցուցանմուշների շարքում աչքի է ընկնում մի յուրահատուկ կմախք, որն ունի վերին և ստորին վերջույթների զարգացման բնածին արատներ: Անատոմիական թանգարանի նմուշներից են նաև հայտնի մարդկանց զմռսված ուղեղները, ֆորմալինի լուծույթում պահպանված սրտերը, գուսան Շերամի կոկորդը, պրոֆեսոր Արծրունու ուղեղն ու սիրտը, Քեչեկի և Թամանյանի ուղեղը. Կարինե Բարոյանը պատմում է, որ թանգարանի ամենահիշարժան ցուցանմուշներից է Սևանի ավազանի պեղումների ժամանակ հայտնաբերված արքայադստեր կմախքը, որն ունի ավելի քան 2000 տարվա պատմություն:

Առանձին պահարանում ցուցադրված են ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների համար նախատեսված ցուցանմուշները՝ կաթնատամներ և մնայուն ատամներ ունեցող ծնոտներ, նորածնի գանգեր, ինչպես նաև կենդանիների ծնոտներ, այդ թվում` շնաձկան ծնոտներ, որոնք օգնում են ուսումնասիրելու ատամների ֆիլոգենետիկ առանձնահատկությունները:

Նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչն ընդգծում է, որ այս բոլոր ցուցանմուշներն ապահովում են որակյալ դասավանդում, այդ թվում հանդիսանում են անատոմիական գիտելիքների հարստացման միջոց՝ այլ բուհերի ուսանողների և ավագ դպրոցների աշակերտների համար:

Սովորողների ու ապագա դիմորդների ուշադրությունը գրավող այս առարկան՝ անատոմիան, տիկին Բարոյանի գնահատմամբ՝ պահանջում է ոչ միայն առանձնակի նվիրում մասնագիտությանը, այլև մարդկային բարձր հատկանիշներ, գերկարգապահություն:

Նրա տեղեկացմամբ, շատերն են դիմում ամբիոնական աշխատանքի համար, բայց քչերին է հաջողվում համապատասխանել բոլոր չափանիշներին և դառնալ գիտության այս հետաքրքիր ճյուղին նվիրված լավ մասնագետ:

Աղբյուր՝ ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ