Արևմտյան ղեկավարները՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի գլխավորությամբ, արձագանքել են Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե «լիբերալիզմը հնացել է»։ Նրանք միավորվել են՝ պաշտպանելու դեմոկրատական արժեքները օլիգարխիական իշխանությունից։
Պուտինի համակարգի հայտնի քննադատ Տուսկը ամենաբացն է արձագանքել ՌԴ նախագահի հայտարարությունուններին՝ ասված Financial Times-ին տված հարցազրույցի ժամանակ։
Տուսկը, որ Լեհաստանի կառավարության նախկին ղեկավարն է, կարճ ժամանակով բանտում է հայտնվել հակակոմունիստական համերաշխության շարժման մեջ ունեցած դերի համար։ Նա համեմատել է «անձի պաշտամունքի» ղեկավարման ձևը ազատ ժողովրդավարության հիմնական սկզբունքների հետ։
Ճապոնիայի Օսակա քաղաքում տեղի ունեցող G20 գագաթնաժողովի ժամանակ Տուսկն ասել է․ «Ես պետք է ասեմ, որ ես բացարձակ համաձայն չեմ այն մտքի հետ, որ լիբերալիզմը հնացել է։ Մենք՝ որպես եվրոպացիներ, այստեղ ենք նաև միասնաբար պաշտպանելու և խթանելու ազատ ժողովրդավարությունը։ Ով ասում է, որ լիբերալիզմը հնացել է, նա պնդում է նաև, որ ազատություններն են հնացել, որ օրենքի գերակայությունն է հնացել, որ մարդու իրավունքն է հնացել։ Մեր՝ Եվրոպայի համար սրանք կան և կմնան կարևոր արժեքներ։ Ես կարծում եմ, որ հնացել են բռնապետությունը, անձի պաշտամունքը, օլիգարխիան, անգամ եթե ժամանակ առ ժամանակ արդյունավետ են թվում»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ մի կերպ չի արձագանքել Պուտինի պնդումներին։
Իսկ Թերեզա Մեյի մամուլի խոսնակը ասել է, որ Պուտինի «հարձակումը» եղել է Մեյի հետ հանդիպումից հետո։ Մեյը նաև հրապարակայնորեն դատապարտել է Ռուսաստանին Սոլսբերիի դեպքերի համար։
Մեյը պուտինին ասել է, որ «Մեծ Բրիտանիան միանշանակ շարունակելու է պաշտպանել ազատ դեմոկրատիան և մարդու իրավունքները, ինչպես նաև տարբեր խմբերի հավասարությունը, ներառյալ ԼԳԲՏ անձանց»։
Բորիս Ջոնսոնը Պահպանողականների նախընտրական ժողովի ժամանակ ասել է, որ Պուտինը «բացարձակ սխալ է» և հավելել, որ ինքը սխալվել է, որ նպատակ է ունեցել հարթեցնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, երբ Արտաքին գործերի նախարար էր։
«Պուտինի ասածը, որ լիբերալիզմ ավարտվել է, սխալ է։ Նա խորապես սխալվում է։ Մեր արժեքները՝ ազատությունը, ժողովրդավարությունը, ազատ խոսքը, անխախտ են, և դրանք կհասնեն հաջողության»,-ասել է նա:
Լատվիայի պաշտպանության նախարար Արթիս Փաբրիկսը Euronews-ին տված հարցազրույցի ժամանակ կոչ է արել արևմտյան առաջնորդներին հաշվի առնել Կրեմլից եկած սպառնալիքը։
Նա մասնավորապես ասել է․ «Լինելով սահմանակից երկիր՝ մենք ամեն օր տեսնում ենք ռուսական ինքնաթիռներ, ռուսական նավեր մեր սահմանին։ Նրանք քանի որ շատ մոտ են գալիս, ունենում են տարբեր միջամտություններ։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ նրանք միջամտում են, հատկապես երկրում քաղաքական իրադարձությունների ժամանակ, կարելի է ասել, որ աջակցում են որոշ քաղաքական ուժերի, կուսակցությունների»։
Աղբյուրը՝ theguardian.com